Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. Եղեգնաձորում գործող բենզալցակայանում թթվածնային բալոն է պայթել. տեղի է ունեցել փլուզում


22:00 , 18 հունիս, 2019

Shamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Դեռևս անհայտ պայմաններում պայթյուն է տեղի ունեցել Եգեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու 1/1 հասցեում գործող բենզալցակայանում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով տուժածներ չկան և տեղի է ունեցել փլուզում:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Այս պահին դեպքի վայրի զննություն է կատարում ոստիկանության Եգեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Վարդան Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների, պայթել է բենզալցակայանում եղած թթվածնային բալոնը, որի բեկորները թափված են տարբեր կողմեր:

Ոստիկանությունը պարզում է նաև բենզալցակայանի սեփականատիրոջ ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: