Կոչ ենք անում զերծ մնալ բուժաշխատողների հետ ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելու արատավոր պրակտիկայից


19:35 , 18 հունիս, 2019

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ

Հարգելի բժիշկներ և բուժքույրեր,

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ձեր ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հատկապես վերջին ժամանակներում բազմաթիվ բժշկական կազմակերպությունների տնօրեններ ձեզ հետ «աշխատանքային» հարաբերությունների հիմքում դնում են քաղաքացիա-իրավական պայմանագիր և ձեզ առաջարկում կնքել ոչ թե աշխատանքային պայմանագիր, այլ ծառայությունների մատուցման, և ցավոք, ձեզանից շատերը դրան համաձայնվում են՝ լիովին չպատկերացնելով դրա ռիսկերն ու հնարավոր հետևանքները: Իսկ հետևանքերը կերևան սկսած 2021 թվականի հունվարի մեկից, երբ պարտադիր կդառնա մասնագիտական գործունեության հավաստագրի առկայությունը:

Ներկայիս օրենսդրական կարգավորումների համաձայն՝ մասնագիտական գործունեության հավաստագիր ստանալու համար բուժաշխատողը յուրաքանչյուր հնգամյա շրջափուլի համար պետք է ապահովի նվազագույն անհրաժեշտ ՇՄԶ կրեդիտների քանակ և առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժի առկայություն: Եվ ահա այստեղ այն բուժաշխատողները, որոնք աշխատում են ծառայությունների մատուցման պայմանագրերով, կբախվեն անհրաժեշտ ստաժ չունենալու խնդրին, որովհետև ծառայությունների մատուցման պայամանագրով սահմանված իրավահարաբերությունները աշխատանքային հարաբերություններ չեն համարվում և դրանց համար չի հաշվարկվում աշխատանքային ստաժ: Որպես հետևանք՝ դուք չեք կարողանա հավաստագրվել և կզրկվեք ինքնուրույն մասնագիտական գործունեություն ծավալելու իրավունքից:

Կոչ ենք անում և հորդորում ենք նաև պետական և մասնավոր բժշկական կազմակերպությունների տնօրեններին զերծ մնալ բուժաշխատողների հետ ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելու արատավոր պրակտիկայից, իսկ առողջապահության նախարարության ուշադրությունը կրկին հրավիրում ենք այս խնդրի վրա և կոչ անում օր առաջ համապատասխան իրավական կարգավորումների ճանապարհով փակել նման պայմանագրեր կնքելու հնարավորությունը առողջապահության բնագավառում: