Արմեն Ջիգարխանյանի ընկերը պատմել է նրա առողջական վիճակի մասին


17:24 , 18 հունիս, 2019

Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում, այժմ նա զբաղված է առողջության վերականգնմամբ: Այդ մասին Facebook-ում դերասանի պաշտոնական խմբում հայտնել է նրա ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը:

«Արմեն Բորիսովիչի մոտ ամեն ինչ կարգին է, այժմ նա ավելի շատ զբաղված է առողջության վերականգնմամբ, շրջապատված է ընկերներով ու մտերիմ մարդկանցով: Արմեն Բորիսովիչը նախընտրում է չշփվել մամուլի, հեռուստատեսության և լրագրողների հետ, թեև նրանք առաջվա պես գրոհում են նրա վրա: Ցավոք, նրա անվան շուրջ մեծաքանակ կեղծ ու ոչ կոռեկտ տեղեկատվությունն անցյալ տարի ազդեց նրա ինքնազգացողության վրա»,- գրել է Սողոմոնյանը:

Ջիգարխանյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացավ 2017 թվականի հոկտեմբերին. դերասանը հայտնվեց հիվանդանոցում և շատ չանցած հայտարարեց, որ պատրաստ չէ ներել իր կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, որը, նրա խոսքով, «շատ ցավ է պատճառել իրեն»:

Ավելի ուշ զույգը լուծարել է ամուսնությունը և դատաքննություն սկսել: Ջիգարխանյանը պարբերաբար բուժում է ստացել հիվանդանոցներում ու առողջարաններում: