Հնդկաստանում հայտնաբերվել է շղթայակապ մարմնով Գանգես գետն իջեցված կասկադյորի դին


15:52 , 18 հունիս, 2019

Հնդկաստանի ոստիկանությունը Գանգես գետի ափին հայտնաբերել է 42-ամյա կասկադյոր Չանչալ Լահիրի դին: Հայտնի է, որ տղամարդը շղթայակապ իջեցվել էր գետը՝ նախապես հայտարարելով, որ կկարողանա հրաշքով ինքն իրեն ազատել ու ջրից դուրս գալ:

Ինչպես նշում է The Guardian-ը, հավանաբար ինչ-որ բան այնպես չի գնացել, ու Լահիրին չի կարողացել հաջողությամբ իրականացնել վտանգավոր հնարքը:

Նշվում է, որ կասկադյորը գետն էր իջեցվել անցած կիրակի՝ կեսօրին: Նրա ձեռքերն ու ոտքերը շղթակայապ էին, աչքերը՝ կապված:

Լահիրիի դին հայտնաբերվել է իջեցման վայրից 1 կմ հեռավորության վրա: Նրա մարմինը շղթայակապ է եղել:
Հնդիկ հրաշագործների եղբայրության նախագահը, մեկնաբանելով գործընկերոջ մահը, ընդգծել է, որ Լահիրին այս հնարքը նախկինում մի քանի անգամ արել էր, սակայն այս անգամ նրա բախտը չի բերել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, գետն իջեցվելուց առաջ Լահիրին հայտարարել էր. «Եթե կարողանամ ինքս ինձ ազատել, ապա դա հրաշք կլինի, իսկ եթե չկարողանամ՝ ողբերգություն»։