Հայաստանը՝ նեոբոլշևիզմի ճիրաններում


10:59 , 18 հունիս, 2019

ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային բոլոր պետություններում տեղի ունեցած հեղափոխություններն իրենց բնույթով նեոբոլշևիկյան են։

Վարդագույն (Վրաստան), նարնջագույն (Ուկրաինա), մանուշակագույն (Ղրղզստան), «թավշյա» և գույնզգույն (Հայաստան) հեղափոխությունները տեղի են ունեցել «Ո՛չ բռնությանը» կոչերի և սիրո խոստովանությունների ներքո, սակայն իրականում եղել է ֆիզիկական կամ հոգեբանական բռնության կիրառում ինչպես բուն հեղափոխության ընթացքում, այնպես էլ դրանից հետո։

Բոլոր այդ հեղափոխությունների շարժիչ ուժն ատելությունն էր։ Ատելությունը պայմանավորված էր սոցիալական բևեռացվածությամբ։ Խորհրդային պետական սեփականության մասնավորեցումը խաղից դուրս թողեց մարդկանց ճնշող մեծամասնությանը, և բնական է, որ առաջացավ էլիտաների ու ժողովրդի մեծ մասի խուլ կամ բացահայտ հակադրություն։

Հետխորհրդային 1-ին ալիքի հեղափոխականների ձեռքերով տեղի ունեցած սեփականաշնորհման գործընթացը և տոտալ թալանը ստեղծեցին բոլոր նախադրյալները հետագա հեղափոխությունների ու ցնցումների համար։

Խաղից դուրս մնացած և աղքատության մեջ ապրող ժողովուրդը բոլոր պետություններում էլ հեղափոխության լավագույն հումքն է։ Պոպուլիստների ու դեմագոգների համար գործունեության լայն դաշտ է բացված։ Արդյունքում ստանում ենք նեոբոլշևիկյան հեղափոխություններ, որոնք կա՛մ ի սկզբանե արտաքին միջամտությամբ են տեղի ունենում, կա՛մ հետագայում օգտագործվում են արտաքին ուժերի կողմից։

Նեոբոլշևիկյան հեղափոխությունների հիմնական նպատակը սեփականության վերաբաշխում իրականացնելն ու կապիտալի նախնական կուտակման նոր պարբերաշրջան սկսելն է։

Խնդիրը սեփականության լեգիտիմությունն է, ավելի ճիշտ՝ այդ լեգիտիմության վիճարկումը։ Ակնհայտ է, որ վիճարկման գործընթացը շատ ցավոտ է և կարող է խարխլել անվտանգության ու պետականության հիմքերը։

Պատմականորեն իր վտանգավորությունն ու անպետքությունն ապացուցած և առաջադեմ մարդկության կողմից վաղուց մերժված քաղաքական ժանտախտը՝ բոլշևիզմը, այլ փաթեթավորմամբ մտել է Հայաստան։

Նեոբոլշևիզմն «իզմ»–երից վատթարագույնն էր, որ կարող էր Հայաստանին սպառնալ։ Սպառնաց։ Այլ բան չէր էլ սպասվում հեղափոխական թիմի ագահության, աղքատության ու անգրագիտության համադրության պարագայում։

Հայկական նեոբոլշևիզմին հակազդելն ու հակաժանտախտային քաղաքականություն վարելը Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման թիվ մեկ նախապայմանն է։