Աճպարարը փորձել է կրկնել Հուդինիի հնարքը և անհետացել է


07:11 , 18 հունիս, 2019

Հայտնի հնդիկ իլյուզիոնիստ Չանչալ Լահիրին անհետ կորել է գետում, երբ փորձել է կրկնել Հարի Հուդինիի հայտնի հնարքը: Այս մասին հաղորդում է BBC News-ը:

Լահիրին, որ նաև հայտնի է որպես Հրաշագործ Մանդրեյք, շղթայված է եղել և վեց կողպեքով փակված: Նրան այդ վիճակով նավակից իջեցրել են Հուգլի գետը: Նախատեսված էր, որ նա կարող էր ազատվել կապանքներից և ջրի երես դուրս գալ: Հնարքի անցկացման վայրում մարդկանց բազմություն է հավաքվել։

Երբ աճպարարը ջրից դուրս չի եկել, նրանք ոստիկանություն են կանչել։

Ոստիկանները մինչև երեկո ջրասուզակների հետ փնտրել են իլյուզիոնիստին, բայց չեն գտել։ Իրավապահները հայտարարում են, որ քանի դեռ դին չի հայտնաբերվել, նրա մահվան մասին հայտարարություն չի արվի։

20 տարի առաջ Լահիրին նման հնարք է ցուցադրել՝ ապակե արկղի մեջ փակված իջնելով ջրի հատակը։ Այն ժամանակ հնարքը հաջողությամբ է պսակվել։