Պատմություն մի հաջողակ երգչուհու մասին, որը խոստովանում էր, որ ո՛չ ձայն ունի, ո՛չ լսողություն


22:45 , 17 հունիս, 2019

1944 թ. Նյու Յորքի ամենահեղինակավոր երաժշտական հրապարակներից մեկում՝ Կարնեգի-հոլում, կայացավ Ֆլորենս Ֆոսթեր Ջենքինսի համերգը։ Այս կնոջ պատմությունը յուրօրինակ է նրանով, որ նա կարողացել է հայտնի դառնալ՝ չունենալով ո՛չ ռիթմի զգացում, ո՛չ ձայն։

Հաջողությունն ուղեկցում է նրան անգամ մահից հետո. Մերիլ Սթրիփը Օսկար է ստացել օպերային երգչուհի «Ֆլորեն Ֆոսթեր Ջենքինսի» մասին ֆիլմում գլխավոր դերի համար։

Ապագա երգչուհին ծնվել է 1868 թ. գործարար Չարլզ Դարանս Ֆոսթերի ունևոր ընտանիքում։ Ծնողները փորձում էին բազմակողմանիորեն զարգացնել իրենց դստերը, այդ իսկ պատճառով վերջինս մանկուց զբաղվում էր երաժշտությամբ ու դաշնամուր էր նվագում։

Վկայություններ են պահպանվել այն մասին, որ աղջիկը դաշնամուր նվագելիս մեծ ունակություններ ուներ։ Տաղանդավոր երեխայի համար համերգներ էին կազմակերպում ողջ Փենսիլվանիայում։ Իսկ երբ նա 8 տարեկան էր, նա անգամ պատիվ ունեցավ նվագելու ԱՄՆ նախագահ Ռատերֆորդ Բերչարդ Հեյսի մոտ։ Սակայն երբ 17 տարեկանում Ֆլորենսը հորը հայտնեց, որ պատրաստվում է ինքն իրեն երաժշտությանը նվիրել և ցանկանում է ուսումը շարունակել Եվրոպայում, խիստ մերժում ստացավ։

Ավարտելով միջին դպրոցը՝ նա տնից փախավ բժիշկ Ֆրենկ Տորնտոն Ջենքինսի հետ։ Նրանք Ֆիլադելֆիա գնացին, որտեղ 1885-ին ամուսնացան։ Ֆլորենսի հայրը, իմանալով այդ մասին, բարկացավ և խոստացավ զրկել դստերը ժառանգությունից։

Ֆլորենսի երազանքը՝ պրոֆեսիոնալ դաշնակահարուհի դառնալու, այդպես էլ չիրականացավ, քանի որ նա վնասեց ձեռքը։ Սակայն կինը չվհատվեց։ XX դարի սկզբին, երբ հայրն արդեն մահացել էր, նա մոր հետ տեղափոխվեց Նյու Յորք։ Ֆլորենսը կազմավորեց «Կլուբ Վերդին», որտեղ հավաքվում էին դասական երաժշտության սիրահարները։ Նա ցուցադրում էր իր երաժշտական տաղանդը և վերջապես որոշեց օպերային երգչուհի դառնալ։

Հայրն ամեն դեպքում որոշ չափով ժառանգություն թողել էր. նա դրա միջոցով կարողացավ երգեցողության դասեր անցնել ու լավ կյանք վարել։ 1912 թ. նորաթուխ օպերային երգչուհին իր առաջին մենահամերգը կազմակերպեց, որին հաջորդեցին մյուս ելույթները։

Իրականում սկբում նրա համերգներին ներկա էին լինում միայն ծանոթներն ու «Կլուբ Վերդիի» անդամները, սակայն հետագայում այլ մարդիկ ևս հայտնվեցին, որոնք ցանկություն հայտնեցին Ֆլորենսի երգեցողությունը լսելու։ Ելույթների ժամանակ Ջենքինսը տնային, բայց շքեղ կոստյումներ էր կրում և հանդիսատեսի կողմ ծաղիկներ էր նետում։

Ֆլորենսի յուրօրինակությունը կայանում էր նրանում, որ նրա մոտ բացակայում էր ռիթմի զգացումը, և նա բացարձակապես չէր կարողանում կառավարել իր ձայնը։ Քննադատ Դենիել Դիքսոնը նրա մասին գրել է. «Երբ գալիս էր երգելու պահը, նա մոռանում էր ամեն ինչի մասին։ Ոչինչ չէր կարողանում նրան կանգնեցնել։ Նա կարծում էր, որ մեծ արտիստ է»։  

Երգչուհին վստահ էր, որ իր տաղանդին չարախոսները պարզապես նախանձում են։ Ֆլորենսն ինքն իրեն անկրկնելի վոկալիստ էր համարում։ Նա չէր կաշկանդվում համերգների ժամանակ ամենադժվար օպերային կատարումները ներկայացնելուց, որոնք անգամ լավագույն երգիչները չէին համարձակվում կատարել։

1937 թ. Meloton Recording ձայնագրային ընկերությունը երգչուհուն առաջարկեց ձայնապնակ ձայնագրել։ Երբ Ֆլորենսը ստուդիա մտավ, նա հրաժարվեց փորձից՝ ասելով, որ կկարողանա երգել անգամ առանց դրա։ Ինչքան մեծ էր ստուդիայի աշխատակիցների զարմանքը, երբ երգչուհին ասաց, որ առաջին անգամից կատարյալ է երգել, այդ իսկ պատճառով ձայնապնակի վրա հենց այդ ձայնագրությունները պետք է լինեն։

1944 թ. հոկտեմբերի 25-ին Ֆլորենս Ֆոստեր Ջենքինսը, ինչպես նշվեց, ելույթ ունեցավ ամենահեղինակավոր հրապարակներից մեկում։ Մարդիկ համերգից շաբաթներ առաջ սկսել էին տոմսեր գնել, որոնց գինն այն ժամանակների համար շատ բարձր էր։

76-ամյա Ֆլորենսն այդ համերգում ցուցադրեց իր ողջ ուժը։ Դրանից երկու օր անց երգչուհին սրտի նոպա ունեցավ, որից մեկ ամիս հետո էլ մահացավ։ Ոմանք կարծում էին, որ կնոջ վրա շատ էին ազդել քննադատների կարծիքները։ Իսկ մյուսներն ասում էին, որ մահից առաջ Ֆլորենսն ասել է. «Մարդիկ կարող են ասել, որ ես երգել չգիտեմ, սակայն ոչ ոք չի կարող ասել, որ ես չեմ երգել»։