Ադրբեջանը խնդիր է դրել հասնելու նրան, որ Հայաստանը հրաժարվի բանակցային ձևաչափում Արցախի անմիջական մասնակցության իր պահանջից


13:32 , 17 հունիս, 2019

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան անդրադարձել է Արցախյան հակամարտության շուրջ տեղի ունեցող զարգացումներին: Եթե հայտարարության բովանդակությունից հանենք ադրբեջանական կողմից եկող մշտապես կրկնվող և ստանդարտ դարձած արտահայտությունները, ապա կտեսնենք, որ Ադրբեջանը խնդիր է դրել Վաշինգտոնում հունիսի 20-ին նախատեսվելիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը հասնելու նրան, որ Հայաստանը հրաժարվի բանակցային ձևաչափում Արցախի անմիջական մասնակցության իր պահանջից և Արցախի փոխարեն բովանդակային բանակցություններ սկսի:

Այս համատեքստում պատահական համարել չի կարելի, որ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն ընդգծում է՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափը պետք է մնա անփոփոխ, ապա շարունակում, թե իրենք կարծում են, որ պետք է վերջ տալ Հայաստանի ղեկավարության դիրքորոշման անորոշությանը:

Փաստորեն, հասնելով նրան, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 30-ի հայտարարության մեջ տեղ գտավ «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» ձևակերպումը՝ Ադրբեջանը «Ղարաբաղի ադրբեջանական համայնք»-ի խաղաթուղթն օգտագործելու միջոցով ցանկանում է խուսափել Արցախի հետ անմիջական բանակցությունների նստելուց, ուստի անհրաժեշտ է, որ Վաշինգտոնի հանդիպման ժամանակ հայկական կողմն այնպիսի վճռորոշ փաստարկներ ներկայացնի Արցախի՝ անմիջական բանակցային գործընթացում ներգրավվելու մասին, որ այդ խնդիրը ներառվի նաև միջնորդների հայտարարությունում: