Հեքիաթային աշխարհ հիշեցնող կղզում այգեպան է անհրաժեշտ՝ 28 000 ֆունտ ստեռլինգ աշխատավարձով (Photo)


10:14 , 17 հունիս, 2019

Անգլիայի Կորնուոլ շրջանի Սենթ Մայքլս Մաունթ հեքիաթային կղզում գլխավոր այգեպանի են որոնում: Ինչպես հաղորդում է Life.ru-ն, այնտեղ տպավորիչ դղյակ և հին նավահանգիստ է գտնվում, որը ողողվում է ջրի հզոր ալիքներով:

Կղզին հայտնի է իր էկզոտիկ այգիներով, որտեղ բուսականության եզակի հավաքածու է աճում, և որոնք համալրված են գալարուն արահետներով և գողտրիկ անկյուններով:

Աշխատանքի հայտարարության մեջ նշվում է, որ աշխատակցին մի քանի ննջասենյակներով տնակ կհատկացվի, նրան տարեկան 28 000 ֆունտ ստեռլինգ (շուրջ 17 մլն դրամ) աշխատավարձ կվճարեն:

Ներկա պահին կղզում 30 մարդ է բնակվում, սակայն ամեն տարի այն 350 000 այցելու է ունենում:  

Սակայն աշխատակցի նկատմամբ մի քանի պահանջներ կան: Թեկնածուն պետք է բույսերի հետ աշխատելու պատշաճ փորձ ունենա, պետք է լինի ֆիզիկապես դիմացկուն և ամուր նյարդեր ունենա, քանի որ նա պետք է մագլցի ծովի կենտրոնում գտնվող ժայռերով: