Օսմանյան արխիվները բացեն, փակեն, Թուրքիան Հայոց ցեղասպանության փաստը չի կարող հերքել


15:10 , 15 հունիս, 2019

Panorama.am-ը գրում է.

«Թուրքիայի՝ արխիվներ բացելու հայտարարությունները նոր չեն։ Տարիներ շարունակ՝ 1987-88 թվականներից, թուրքերը հայտարարում են, որ մենք մեր արխիվները բացում ենք, կարող եք գտնել փաստեր, որոնք ամրապնդում են մեր տեսակետը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ նպատակ է հետապնդում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի վերերս արած հայտարարությանը։ 

Նշենք, որ նա մասնավորապես ասել էր. «Եթե Հայաստանը վստահ է իր վրա, ուրեմն թող ընդունի համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու մեր առաջարկը: Խմբում թող ներգրավվեն Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն: Հայաստանն ում որ ուզի, թող ներգրավի: Բացենք արխիվները»:

Թուրքագետը նախ հարցադրում արեց «ի՞նչ է նշանակում մենք արխիվները բացում ենք»։

«Թուրքական արխիվները բացվելուց առաջ զտվել են։ Դրա մասին բազմաթիվ վկայություններ կան,  բազմաթիվ գիտնականներ գնացել,  աշխատել, ստուգել են ու տեսել, որ որոշակի փաստաթղթեր զտված են։ Երկրորդ՝ ո՞ր արխիվների մասին են խոսում։ Ես ինքս անձամբ եղել եմ «վարչապետական օսմանյան արխիվներում»։ Իսկապես հարուստ նյութ կա բնակչության թվաքանակի, տնտեսական վիճակի մասին։ Բայց այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանությանը, այդ արխիվներում չկան։ Երբևէ նրանք չեն բացի ռազմական արխիվները, Թուրքիայի գաղտնի ծառայությունների գործակալության արխիվները»,- ասաց Ա. Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, հայտնի փաստ է, որ Հայոց ցեղասպանության վերաբերող Երիտթուրքական կուսակցության արխիվի փաստաթղթերը Թալեաթ փաշան և մյուս պարագլուխները Օսմանյան կայսրությունը լքելուց առաջ վառել են, մի մասն էլ տարել են անհայտ ուղղությամբ։

«Այսինքն հայտարարությունները, որոնք անընդհատ արվում են,  հաշվարկված են այն շրջանակների վրա, որոնք գուցե լավատեղյակ չեն։ Պոպուլիստական բնույթի հայտարարություններ են»,- ասաց թուրքագետը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ