Սինանյանի ունեցած միակ հատկանիշը, որի միջոցով նշանակվել է այդ պաշտոնում, այսպես կոչված թավշյա հեղափոխությանն աջակցելն էր


10:54 , 15 հունիս, 2019

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում Զարեհ Սինանյանի նշանակումը մեծ քննարկումների տեղիք տվեց: Հանդիպեցի տարբեր վերլուծությունների, որ Սինանյանը ԼԳԲՏ համայնքի պաշտպան է, ժամանակին հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, իսկ նրա նշանակումը կատարվել է օրենքի խախտմամբ, սակայն այդպես էլ անդրադարձ չեղավ ամենակարևորին:

Փաստորեն, Զարեհ Սինանյանը փոխարինելու է կրճատված սփյուռքի նախարարությանը, սակայն դժվար է պատկերացնել, թե ինչպես է Սինանյանը կատարելու այդ գործառույթները, քանի որ գործ ունեինք մասնագիտացված սփյուռքի նախարարության հետ, որը ահագին գործառույթներ էր համակարգում:

Հարց է նաև այն, որ Սինանյանը պետք է մեծ հեղինակություն ունենար նաև սփյուռքի տարբեր հատվածներում, սակայն սփյուռքի համայնքների մեծամասնությունում Սինանյանը անհայտ անձնավորություն է և դժվար էլ կարողանա արդյունավետ համակարգել այդ համայնքների հետ տարվող աշխատանքը: Եթե իշխանության նպատակը լիներ սփյուռքի հետ խորը համագործակցությունը, ապա հանձնակատար կնշանակվեր այնպիսի հեղինակություն ունեցող գործիչ, ինչպիսին, օրինակ, մեծն արվեստագետ Շառլ Ազնավուրն էր:

Թերևս Սինանյանի ունեցած միակ հատկանիշը, որի միջոցով նշանակվել է այդ բարձր պաշտոնում, այն է, որ նա ժամանակին աջակցում էր այսպես կոչված թավշյա հեղափոխությանը, հարցազրույցներ տալիս և Գլենդելում հանրահավաքներ կազմակերպելու համար կոտորում իրեն: