«Ուղղաթիռների թռիչքներն իրավիճակին նոր սրություն են հաղորդել». Արցախի նախագահի խորհրդական


23:50 , 14 հունիս, 2019

168.am-ը գրում է.

Հունիսի 13-ին Պաշտպանության բանակի  N զորամասում  հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում էր ստացել 1999 թվականին  ծնված զինծառայող Արտյոմ Խաչատրյանը:

Վերջին շրջանում Ադրբեջանը ոչ միայն լարում է սահմանային իրավիճակը, այլև հանդես է գալիս ռազմատենչ հայտարություններով։ Մասնավորապես՝ հունիսի 13-ին Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Էլչին Գուլիևը սահմանով անցկացնելով 5 կմ 100մ երկարությամբ Ադրբեջանի դրոշը՝ հայտարարել է, որ շուտով նույն դրոշն անցնելու է նաև իրենց կողմից ազատագրվող «օկուպացված տարածքներով»:

Սահմանում առկա իրավիճակի և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ։

 Պարոն Աբրահամյան, հունիսի 13-ին սահմանում կրկին զոհ ունեցանք, ևակնհայտ է, որ վերջին շրջանում Ադրբեջանն ավելի է լարում իրավիճակը։Հնարավոր համարո՞ւմ եք, որ Ադրբեջանի այս գործողությունները կարող ենմոտ ապագայում վերածվել լայնամասշտաբ ռազմական գործողությունների։

– Իրավիճակի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելու համար պետք է իրադարձությունները դիտարկել առավել մեծ ռակուրսով: Երկրորդ, իրավիճակը կարող է լարված լինել նույնիսկ այն պարագայում, եթե անգամ սահմանին զոհեր չլինեն: Ամենավառ օրինակը սահմանագծի մերձակա տարածքներում ադրբեջանական ուղղաթիռների շարժերն են, որոնք տվյալ իրավիճակում կրակ չեն բացում, զոհեր չկան, սակայն հենց միայն նրանց թռիչքներն այդ հատվածում իրավիճակին լրացուցիչ սրություն են հաղորդում:

- Սահմանում բացասական այս դինամիկան ինչո՞վ է պայմանավորված։

- Մեծ թվով գործոններով է պայմանավորված, սակայն, կարծում եմ՝ առանցքայինը բանակցային գործընթացի շուրջ ստեղծված անորոշությունն է:

- Ադրբեջանը և Վրաստանը խորացնում են իրենց համագործակցությունըռազմական ոլորտում,  այս առումով ի՞նչ վտանգներ եք տեսնում՝տարածաշրջանի և Արցախի հետ կապված։

- Նրանք այդ համագործակցությունը նոր չեն սկսել, իսկ վտանգավորության աստիճանը դրանց խորությունից և բովանդակությունից է կախված:

Այս հարցում Արցախը և Հայաստանն ի՞նչ անելիքներ ունեն, հարցի լուծումն ինչպե՞ս եք   պատկերացնում։

- Պետք է կենտրոնանալ և ռեսուրսները մոբիլիզացնել այն ուղղություններով, որոնք անմիջական սպառնալիք են ստեղծում Հայաստանի և Արցախի համար: Անելիքները շատ են, ուղղությունները՝ տարբեր: Այս պահին առաջնայինը՝ ակտիվ աշխատել միջնորդների հետ, թույլ չտալ իրավիճակի առավել լարում և, իհարկե, ստեղծել հնարավորություններ զարգացումները բանակցությունների սեղան տեղափոխելու համար: