Նախագահը 2-րդ անգամ նույն թեկնածուին է ներկայացնում, և այստեղ մենք, այո, օրենքի խախտում տեսնում ենք. Տարոն Սիմոնյանը՝ Վ. Գրիգորյանին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին


21:00 , 14 հունիս, 2019

Tert.am-ը գրում է.

Նոր իրավաբանություն պետք չէ հորինել, տեղի է ունեցել օրենքի խախտում. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Վահե Գրիգորյանին 2-րդ անգամ որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու փաստին:

Անդրադառնալով խմբակցության և Վահե Գրիգորյանի հանդիպմանը, Սիմոնյանն ասաց՝ քանի որ հանդիպումը չի արձանագրվել, իրավունք չունի մանրամասներ ներկայացնել: «Իրավունք չունենք քննարկման առարկան բացահայտել, թեկնածուն իր տեսլականն է ներկայացրել, մենք էլ մեր մտահոգություններն ենք հայտնել»,- նշեց պատգամավորը:

Սիմոնյանը շեշտեց՝ իրենց կարծիքը չեն փոխել՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջը հստակ է. «Նույնիսկ անհարկի լայն մեկնաբանության կարիք չկա, որովհետև ինչ-որ առումով իրավական ռումբի պես բան է դրվում: Եթե Վահե Գրիգորյանն ընտրվի ՍԴ դատավոր, յուրաքանչյուր մարդ կարող  է հետագայում գնալ և վիճարկել նրա իրավասության հարցը՝ արդյոք նա իրավունք ունի քննել կոնկրետ գործը, թե՝ ոչ: Այդ հարցը միշտ ծագելու է՝ օրենքով սահմանված կարգո՞վ է նա ընտրվել, թե՞ ոչ»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ հանդիպմանն անընդհատ այդ հարցն են բարձրաձայնել: «Ասել ենք՝ կարիք չկար այդ ձևով գնալ ՍԴ դատավորի թեկնածու դառնալուն, որովհետև եթե կար քաղաքական մեծամասնության մոտ այդպիսի կամք, որ անպայման ինքը պետք է դառնա ՍԴ-ի դատավոր, ապա հաջորդ տարի ևս մեկ տեղ բացվում է ՍԴ-ում, և կարող էր կառավարությունն ինքը ներկայացներ, այդ պարագայում խնդիր չէր լինի: Բանն այն է, որ նախագահը երկրորդ անգամ նույն թեկնածուին է ներկայացնում, և այստեղ մենք, այո, օրենքի խախտում տեսնում ենք»,- ասաց Սիմոնյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ