Ինչպես և կանխատեսել էինք՝ ԲԴԽ-ն քվորում չունի


19:20 , 14 հունիս, 2019

Hraparak.am-ը գրում է.

Բարձրագույն դատական խորհրդում հերթական պաշտոնանկությունից հետո, երբ ԲԴԽ անդամ Արմեն Խաչատրյանը հերթական հրաժարականի դիմում գրեց, տեղեկացրել էինք, որ  ԲԴԽ-ն քվորումի խնդիր է ունենալու։ Եվ իզուր է իշխանությունը հաղթանակ տոնում, որովհետև այն որոշ առումով պյուռոսյան է։ Եվ հաջորդ թեկնածուի՝ Սերգեյ Մեղրյանի հրաժարականից հետո այսօր արդեն ԲԴԽ-ն հայտարարություն է տարածել այն մասին, որ այսօր ժամը 16.00-ին նշանակված նիստը  ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ գործի քննության արդյունքում որոշման հրապարակման հարցով չի կայանա։

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, խորհրդի նիստն իրավազոր է անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ներկայության դեպքում, իսկ ներկա պահին Բարձրագույն դատական խորհրդի անդամների թվի անբավարարության պատճառով նիստն իրավազոր չէ։