11-ամյա չինացին օրական 5 անգամ է սնվում՝ քաշ հավաքելու և հոր կյանքը փրկելու համար


09:35 , 14 հունիս, 2019

Չինաստանի Հենան նահանգում բնակվող 11-ամյա տղան գովաբանության է արժանացել իր նախաձեռնած առաքելության համար:

Ինչպես գրում է Oddity central-ը, Լու Զիկուանի հոր մոտ 7 տարի առաջ արյան քաղցկեղ է հայտնաբերվել, ինչից հետո նա դեղորայքային բուժում է ստացել մինչ այժմ: Սակայն նախորդ տարի նրա առողջությունն սկսել է վատթարանալ, և բժիշկները հայտնել են, որ նրան ոսկրածուծի փոխպատվաստում է անհրաժեշտ:

Հետազոտելով ընտանիքի բոլոր անդամներին՝ բժիշկները պարզել են, որ միայն նրա 10-ամյա որդին կարող է դոնոր դառնալ: Տղան սիրով համաձայնել է վիրահատվել հոր կյանքը փրկելու համար, սակայն այդ պահին նա ընդամենը 30 կգ էր կշռում:

Բժիշկների խոսքով` տղան կարող է դոնոր դառնալ, եթե ևս 15 կգ քաշ հավաքի: Այս տարվա մարտից նա սկսել է հնարավորինս շատ ճարպոտ ուտելիքներ ուտել: Նա սնվում է օրական հինգ անգամ: Ըստ բժիշկների` ոսկրածուծի դոնոր դառնալու համար կատարյալ քաշ կլինի 50 կգ-ը, թեև 45-ն էլ է բավարար:

Զիկուանն ավագն է ընտանիքի երեք երեխաներից, և նրան գրեթե հաջողվել է հասնել 45 կգ-ի: Նշվում է, որ դասընկերները տղային «գեր տղա» էին անվանում քաշ հավաքելուց հետո, սակայն երբ իմացել են նրա գիրանալու պատճառը, դադարել են նրան այդպես կոչել: