ՔՊ-ն ընտրությունները որպես կենաց-մահու պայքար չի դիտարկում. Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՏԻՄ ընտրություններին


19:00 , 13 հունիս, 2019

Armenpress.am-ը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները որպես կենաց-մահու պայքար չի դիտարկում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ, ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ «Քաղաքացիական պայմանագիր»-ը դարձել է իշխող կուսակցություն, մենք քննարկում ենք ունեցել, և ամեն անգամ ՏԻՄ ընտրություններից առաջ էլ մենք քննարկում ենք, և հարց ենք դնում մեր առաջ` արդյո՞ք մենք ամենուր հաղթելու խնդիր պետք է դնենք մեր առաջ, արդյո՞ք մենք բոլոր ընտրությունները պետք է մեզ համար դարձնենք կենաց-մահու պայքար: Եվ մեր եզրակացությունն այն է, որ ոչ, որովհետև հակառակ դեպքում մենք կընկնենք նույն տրամաբանության մեջ, ինչ նախկինում է գոյություն ունեցել։ Մյուս կողմից՝ դա չի նշանակում, որ մենք պետք է ընտրությունները պարտվելու խնդիր դնենք մեր առաջ, և կարող եմ ասել, որ մենք հիմա գտնվում ենք մի ժամանակաշրջանում, երբ ընտրություններին մասնակցության տարբեր մոդելներ ենք փորձարկում, կիրառում»,- ասել է Փաշինյանը: