Rammstein-ի ֆրոնտմենը հյուրանոցում ջարդել է տղամարդու ծնոտը


18:20 , 12 հունիս, 2019

Rammstein-ի ֆրոնտմեն Թիլ Լինդեմանը վիճաբանել է Մյունխենի հյուրանոցներից մեկի այցելուի հետ և կոտրել նրա ծնոտը, հաղորդում է Das Bild պարբերականը:

Նշվում է, որ անցած շաբաթ խումբը կանգ է առել Մյունխենում՝ Bayerischer Hof բարձրակարգ հյուրանոցում:

Հունիսի 8-ի գիշերը Լինդեմանը հյուրանոցի բարում գարեջուր է խմել ծանոթի և Լանա անունով ընկերուհու հետ: Մինչ այդ Համբուրգի 54-ամյա բնակիչը երգչին խնդրել է սելֆի անել, բայց Լինդեմանը մերժել է նրան:

Ինչպես նշում է պարբերականը, ենթադրյալ երկրպագուն չի հանգստացել և սկսել է բարում վիրավորել Լանային: Լինդեմանը ցանկացել է ստիպել, որ տղամարդը ներողություն խնդրի կնոջից, ինչի արդյունքում ծեծկռտուք է տեղի ունեցել:

Rammstein-ի ֆրոնտմենը արմունկով հարվածել է տղամարդու դեմքին, ինչից հետո նա անմիջապես վայր է ընկել: Հյուրանոցի աշխատակիցները ոստիկանություն են կանչել:

Պարբերականի տվյալներով՝ տղամարդը ծնոտի կոտրվածք է ստացել: Ոստիկանությունում նշել են, որ մարմնական վնասվածքների մասին հայտարարություն են ստացել: Լինդեմանը տեղի ունեցածը դեռևս չի մեկնաբանել: