12:00 , 24 հունիս, 2013Սուրիկ Խաչատրյանն ինքը հակված չէ նորից մարզպետ լինել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, նորից նշանակվի մարզպետ:
Նա նաև հավելեց, որ բոլոր մարզպետարաններում այժմ ստուգումներ են անցկացվում և արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի:
Լրագրողները պարոն Սահակյանից հետաքրքրվեցին, թե բացի գազի և էլեկտրաէներգիայի գների թանկացումից, ուրիշ ինչ անակնկալներ են սպասվում, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Հունվար ամսից աշխատավարձերի բարձրացում կլինի։ Ավելացնեմ, որ վաթսուն-յոթանասուն հազար սոցիալապես անապահով ընտանիքներ գազը կստանան այն նույն գնով, ինչ մինչև այսօր ստացել են»։
Այն հարցին, թե ինչու է կառավարությունը որոշել «Գազպրոմին» վաճառել իր բաժնեմասերի քսան տոկոսը, Սահակյանը պատասխանեց. «Դա հնարավորություն կտա, որ առաջիկա հինգ տարիներում գազի գնի փոփոխություն չլինի»:
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ Սահակյանը նշեց, որ այն ճանապարհն, ինչ բոլորն են ասում` եթե Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերներ ենք, գնանք-ասենք ինչո՞ւ եք այդպես անում, իրենք այդ ճանապարհով չեն գնալու. «Ռուսաստանը մեր տերը չի, ընդամենը մեր ռազմավարական գործընկերն է, այդքանը»։