Երևանում կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրանը». այն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ


17:10 , 12 հունիս, 2019

Tert.am-ը գրում է.

Ամռանը հայաստանյան մշակութային կյանքը կակտիվանա սպասված և նշանավոր իրադարձությամբ. հուլիսի 7-ին կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրանը»: Հայաստանում սիրված ու նաև երկրի սահմաններից դուրս լայն ճանաչում գտած այս բացառիկ կինոփառատոնի մեկնարկն այսօր ազդարարել են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու կինոփառատոնի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: 

Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում միջոցառման կազմակերպիչները լրագրողներին ներկայացրել են կինոփառատոնի՝ այս տարվա պաշտոնական պաստառը, ինչպես նաև անդրադարձել են սպասվող միջոցառումներին:

«Այս տարի փառատոնը որոշակի փոփոխություններ է կրել, քանի որ փոխվել է փառատոնի ղեկավար կազմը: Փառատոնի կազմը համալրել են երիտասարդներ, որոնք մեծ պատասխանատվությամբ են պատրաստվում 16-րդ «Ոսկե ծիրանին» և անում են ամեն ինչ՝ այն իսկապես կինոտոն դարձնելու համար: Փոփոխություններ են եղել նաև գերատեսչությունների համատեքստում. տեղի է ունեցել նախարարությունների միավորում, և այսուհետև մենք համագործակցելու ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ: Չի փոխվել մեր գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Ընկերությունն արվեստի՝ մասնավորապես՝ կինոյի և «Ոսկե ծիրանի» նվիրյալներից է, ինչի համար մենք շատ ուրախ ենք և շատ շնորհակալ մեր փառատոնի լավագույն բարեկամին»,- իր խոսքում ընդգծել է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը մեծ կարևորություն է տալիս մշակութային կյանքի, մասնավորապես՝ ազգային կինեմատոգրաֆի, ակտիվացմանն ու զարգացմանը Հայաստանում: Տարիներ շարունակ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում մեր ընկերությունը կանգնած է կինոգործիչների կողքին: Կինոարվեստի զարգացման կարևոր խթան լինելու հետ մեկտեղ, կինոփառատոնը հսկայական աշխատանք է տանում աշխարհի քարտեզի վրա Հայաստանը որպես հարուստ մշակույթ ունեցող երկիր ճանաչելի դարձնելու գործում»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։