11:57 , 24 հունիս, 2013
Արմավիրի մարզի Խանջյան և Նաիրի գյուղերի բնակիչները (մոտ 300 մարդ) առավոտյան ժամը 10-ից փակել են Հոկտեմբերյանից Թալին տանող ճանապարհը: Tert.am-ին այս մասին տեղեկացրեց Պռոշյան գյուղի բնակիչ Դավիթ Սողոմոնյանը: Պատճառը մեկն է՝ մթերող ընկերությունները գյուղացիներին ստիպում են ծիրանը վաճառել 200-250 դրամով:
«Ասում են Լուկաշինից ու Մյասնիկյանից էլ են գալու, որ մեզ միանան, բայց մեծ քանակով ոստիկաններ են ուղարկել: Քաշում են, հրում են մեզ, չեն թողում, ասում են մարդ կգա կխոսի ձեր հետ, բայց մարդ էլ չի գալիս: Իսկ մթերողները գալիս են, գինը գցում են: Պայմաններ չկան մեզ համար ստեղծված, ապրանքը մնացել ա, մենք սենց մեր ծախսերն էլ չենք կարողանում հանենք»,- ասաց նա:
Գյուղացին ընդգծեց, որ իրենք պահանջում են, որ մթերումն իրականացնող գործարարները ծիրանի գինը չիջեցնեն:
«Արդեն գինը իջեցրել հասցրել են 200-ի, պարզ ա, որ հլը էլի ա իջնելու: Դրանից բացի, թող մի քիչ թողնեն իրենց քաղաքականությունը գան, պայմաններ ստեղծեն: Մթերողները չեն գալիս, սպասում են թափվի տակը, ստիպում են գյուղացուն, որ ամենացածր գնով էլ լինի տա»,- ասաց նա:
Tert.am-ի հարցին, թե կոնկրետ որ մթերող ընկերություններն են իջեցնում ծիրանի գինը, Դավիթ Սողոմոնյանը նշեց, որ հիմնականում բոլորը, բայց նաև ներկայացրեց իր ենթադրությունը:
«Դե «Սպայկան» ա ամենամեծը, երևի, ինքն ա իր կամքը թելադրում, ինքը ոնց ուզում ա տենց էլ ուղղորդում ա բոլորին: Պետական հովանավորություն էլ ունի, ամեն ինչով իրան պաշտպանում են, ուրեմն ինքն ա թելադրողը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հունիսի 21-ին այցելելով «Սպայկա» ընկերություն, լրագրողներին հետ զրույցում վստահեցրել էր, որ ծիրանը մթերվում է 400-500 դրամով, սակայն հաջորդ օրն իսկ նույն գյուղի բնակիչները ահազանգել էին, որ իրենց զգուշացրել են, որ այն մթերվելու է 250-300 դրամով:
Նշենք, որ գյուղացիները ցանկանում են, որ իրենց հետ հանդիպի ոլորտի պատասխանատուներից որևէ մեկը, ով իրենց հարցը լուծելու խոստում կտա ու հետո խոսքին տեր կկանգնի: