Լավ օրինակ է ծառայում Հայաստանը. Պորտուգալիայի դեսպանն անդրադարձել է ինտեգրացիոն կառույցների հետ համագործակցությանը


00:00 , 12 հունիս, 2019

Armenpress.am-ը գրում է․

Ռուսաստանում Պորտուգալիայի արտակարգ և լիազոր դեսպան Պաուլու Վիզեու Պինեյրուն կարծիք է հայտնել Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության համագործակցության հեռանկարների մասին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Rusarminfo-ն, դիվանագետն ընդգծել է, որ հնարավորություններ է տեսնում Եվրամիության և Ռուսաստանի միջև պայմանագրեր կնքելու հարցում, որոնք հետագայում հնարավոր կլինի տարածել նաև մյուս երկրների վրա: Որպես հաջող համագործակցության օրինակ Պինեյրուն մատնանշել է ինտեգրացիոն կառույցների հետ Հայաստանի փոխգործակցության օրինակը:

«Ես իմ ռազմավարական հայացքներն ունեմ, որոնք ես վերագրում եմ Եվրամիության և Եվրասիական միության միջև հնարավոր համագործակցությանը: Կան մի շարք հնարավորություններ ԵՄ-ի և ՌԴ-ի միջև պայմանագրեր կնքելու, որոնք հետագայում կարելի է տարածել տարածաշրջանների և տարածաշրջանային երկրների նկատմամբ: Լավ օրինակ է ծառայում Հայաստանը»,- «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է դեսպանը՝ ավելացնելով, որ Հայաստանը Ընդլայնված գործընկերության համաձայնագիր ունի Եվրոպական Միության հետ, սակայն միաժամանակ հաջողացնում է հանդիսանալ Եվրասիական միության անդամ: