Նորաձևության փորձագետներ, fashion բլոգերներ, իտալացի լրագրողներ, street style լուսանկարիչներ ներկա կլինեն «Fashion Forum Yerevan 2019»-ին


14:45 , 11 հունիս, 2019

Հունիսի 25-ին Հայաստանում կմեկնարկի ամենամյա «Fashion Forum Yerevan 2019»-ը: Ֆորումի նպատակն է խթանել հայաստանյան նորաձևության ոլորտի զարգացումը՝ տրամադրելով միջազգային  փորձագետների հետ գիտելիքի և փորձի փոխանակման հարթակ և դառնալով կամուրջ դեպի միջազգային նորաձևություն: Միջոցառումը եզակի հնարավորություն է հայ դիզայներների և ոլորտի այլ ներկայացուցիչների համար՝ նորաձևության որոտի առաջատար մասնագետներին հանդիպելու, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրման, ոլորտում հետագա համագործակցության ցանցի ընդլայնման և գործընկերային կապերի ձեռքբերման համար: Այս առիթով ֆորումի բանախոսները՝ Էլեն Մանուկյանը, ով «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ի ծրագրերի ղեկավարն է, «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ի նախագահ, դիզայներ Վահան Խաչատրյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը, ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Եվա Նեհերը լրագրողների հետ զրույցում ներկայացրին անելիքները և օրակարգը:  

«Այս տարի ֆորումն ունի կոնցեպտուալ մոտեցում՝ ներկայացնել հայկական մշակույթը և ցույց տալ միջազգային փորձագետներին մեր հին մշակույթը ձեռագործ աշխատանքների հիման վրա: Ֆորումի թեմաներից մեկը լինելու է մշակութային ժառանգության պահպանումը, տարազի ներկայացում, նորաձևություն և քաղաքականություն, բիզնես ստեղծում՝ տեղականից մինչև միջազգային»,- նշում է «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Էլեն Մանուկյանը:

Ծրագրի շրջանակում Հայաստան կժամանեն միջազգային հյուրեր՝ Լուկա Ռիցին՝ Pitti Immagine վերապատրաստման և խորհրդատվական ծրագրի ղեկավարը, Յուլիա Վիդոլոբը՝ The Blueprint ամսագրի գլխավոր խմբագիրը, Հիլարի Ալեքսանդրը՝ Daily Telegraph-ի նորաձևության տնօրենը, Իվան Ռոդիչը՝ Street style լուսանկարիչ, ոճաբան, Անտոնիո Մանչինելին՝ Maria Claire Italia ամսագրի գլխավոր խմբագիրը, և այլք:

«Քանի որ գտնում ենք, որ հայաստանյան նորաձևությունն այդքան պատրաստ չէ ցուցադրություններ անելու, այս անգամ միջազգային փորձագետները կներկայացնեն մի քանի դիզայներների հավաքածուներ, որոնք արվում ենք հենց այս միջացառման համար: Հավաքածուները ներկայացվելու ենք 5concept showroom-ում հունիսի 28-ին: Առավոտյան կունենանք մի փոքր դասընթաց միջազգային փորձագետի հետ, որից հետո կլինի 12 դիզայներների ցուցադրություն: Մեզ համար կարևոր է միջազգային փորձագետների կարծիքը»,- նշեց Էլեն Մանուկյանը։

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արգինե Մինասյանի