Սարգսյանն ու Ն. Պատրուշևը փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ են քննարկել


10:44 , 24 հունիս, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին:

Զրուցակիցները քննարկել են ռազմավարական դաշնակից երկու պետությունների միջև փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային զարգացումներին և մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա վիճակին:

ՀՀ նախագահը և ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը խոսել են նաև սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրերի շրջանակում նախատեսված ՀՀ պետական սահմանի ողջ երկայնքով անվտանգության մակարդակի էական բարձրացման, անցակետերի արդիականցման և վերազինման ուղղությամբ աշխատանքների ընթացքի մասին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: