Արցախի ԱԺ պատգամավորները հանդիպել են Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարին


16:00 , 8 հունիս, 2019

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորներ Արթուր Թովմասյանը («Հայրենիք» խմբակցության ղեկավար) և Էրիկ Հարությունյանը հունիսի 6-ից գտնվում են Հարավային Օսիայի Հանրապետությունում: Պատգամավորները հունիսի 9-ին Հարավային Օսիայի խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն են իրականացնելու:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Այցի շրջանակում, հունիսի 7-ին, ԱԺ խորհրդարանականներին և ԱՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավար Սեմյոն Աֆիյանին ընդունել է Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոևը:

Հանդիպման ընթացքում ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել հյուրերին և ընդգծել խորհրդարանական ընտրություններում  միջազգային դիտորրդների դերը՝ ժողովրդավարական արժեքների ամրապնդման և Հարավային Օսիայի հետագա զարգացման համատեքստում:

Պատվիրակության անդամները ևս հույս են հայտնել, որ ընտրությունները կանցնեն բարձր մակարդակով և միջազգային պահանջներին համապատասխան:

Կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: