Մարիա Զախարովան թարմացրել է իր գրառումը, որում մեջբերել էր ՀՀ վարչապետ Փաշինյանի խոսքը


10:45 , 8 հունիս, 2019

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում կիսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, որը վերջինս ասել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում ելույթ ունենալիս:

«Փաշինյանը պետերբուրգյան համաժողովում. «Երբ բոլորը դժգոհ են, պետք է այնպես անել, որ բոլորը գոհ լինեն»,- իր էջում գրել է Զախարովան:

Նրա այս գրառումը միանշանակ չի ընկալվել սոցցանցի օգտատերերի կողմից: Ոմանց կարծիքով Զախարովան ցանկացել է ուշադրություն հրավիրել Փաշինյանի խոսքի և շարադրանքի ձևակերպման վրա, և դա այնքան էլ չի գոհացրել նրա հետևորդներին:

Օգտատերերից մեկը շեշտել է, որ «Փաշինյանը Ռուսաստանի հանդեպ հարգանքից ելնելով է բանակցություններ վարում ռուսերենով, և հեգնական վերաբերմունքը եղբայրական երկրի նկատմամբ անթույլատրելի է»:  

Մարիա Զախարովան արձագանքել է օգտատիրոջ մեկնաբանությանը՝ նկատելով, որ իրեն դուր է եկել Փաշինյանի խոսքը: «Լուրջ ե՞ք ասում, հիմա սա իմ կարգախոսն է, դրական, բովանդակալից և կոլորիտային: Ինչպե՞ս չեք ամաչում՝ այդպես խեղաթյուրելով ձեր վարչապետի խոսքի էությունը: Համաժողովի ամենից շատ մեջբերվող և դրական արտահայտություններից է: Բովանդակալից և հստակ՝ բարդ բաների մասին: Ամեն հանճարեղ բան պարզ է», - գրել է Զախարովան:

Թարմացում

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան թարմացրել է իր գրառումը, որում մեջբերել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը:

«Ինձ խնդրել են հստակեցնել իմ դիրքորոշումը այդ մեջբերման հարցում: Պարզության համար հրապարակում եմ ամեն ինչ, ինչ ասվել է այս թեմայով.

Երբ իրավիճակն այնպիսին է, որ բոլորը դժգոհ են, անհրաժեշտ է այնպես անել, որ բոլորը գոհ լինեն: Դրա համար միայն մի եղանակ կա, դա կոչվում է փոխզիջում: Պետք է աշխատել փոխզիջման վրա: Փոխզիջման հասնելու համար փոխադարձ հարգանք է անհրաժեշտ, ինչպես ասել է Վլադիմիր Վլադիմիրովիչը, միմյանց շահերի ըմբռնումը և հարգանքն այդ շահերի նկատմամբ»:

Բովանդակալից, դրական և հանճարեղ: Ինձ շատ է դուր եկել: Իսկ սադրիչներին մի լսեք»: