Սոցցանցի օգտատերերն, ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարության, սև հագուստով լուսանկարներ են հրապարակում


17:45 , 6 հունիս, 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սևազգեստ խմբերին տեղորոշելու, ծաղկավոր «բաբոչկա» կապելու և օրինական կյանք ճանապարհելու կոչից հետո սոցցանցերում ֆլեշմոբ է սկսվել:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սևը դարձել ա թրենդային։ Հազիվ մեր ազգը սովորել էր բաց գույներ կրել, բայց դե արի ու տես, որ սևը նորից վերցնում է իրենը։ Դե ինչ արած, վերադառնանք սևին»։

Ռուբեն Մելիքյանը տարածել է իր և Տիգրան Քոչարյանի նկարը՝ սև կոստյումներով և գրել. «Եթե էս նկարի պատճառով ինձ ապօրինաբար, չարամտորեն ծաղկավոր «բաբոչկա» նվիրեն, իմացի՛, քո անունն էլ եմ տալու»:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ևս լուսանկար է հրապարակել: «Սևագործ աշխատանք»,-կից գրել է նա:

Մարինա Խաչատրյանը սոցցանցում գրել է. «Եկել է ԱԺ-ն լուծարելու ժամանակը»: Նա նաև ներկայացրել է սև զգեստով իր լուսանկարը:

Սև հագուստով լուսանկար է հրապարակել նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Արփինե Հովհաննիսյանն իր էջում լուսանկար է հրապարակել սև հագուստով և ծաղկավոր շարֆով: «Որ շաաատ խնդրեմ, կլինի՝ Վանեցյանին ու Օսիպյանին հանձնարարեք՝ ծաղկավոր բաբոչկայի տեղ ծաղկավոր շարֆն էլ օգտագործեն»,- գրել է նա։

«Ինձ հենց ծաղկավոր «բաբոչկա» էր պետք...

Գնամ Ազատության հրապարակ»,– գրել է «Ազգային առաջընթաց» կուսակցության առաջնորդ Լուսինե Հարոյանը։

«Ես էդ բաբոչկայից վաղուց եմ կապում»,– իր լուսանկարն այսպես է մեկնաբանել «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը։