Արարատի մարզում թալանել են Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության բաժնի պետի տեղակալի տունը


18:00 , 4 հունիս, 2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 3-ին, Արարատի մարզում տեղի ունեցած բնակարանային գողության փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01։20-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Արթուր Սահակյանը ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել է, որ հունիսի 2-ին, ժամը 20։00-ից մինչև 23։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ իր տան ետնամասի պատուհանը բացելու միջոցով մուտք են գործել և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար և ոսկյա զարդեր։

Գ. Շամշյանի տեղեկութուններով՝ Ա. Սահակյանն աշխատում է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության բաժնի պետի տեղակալ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: