Ապարանում՝ ավտոլվացման կետում վիճաբանություն-դանակահարությունն ավարտվել է սպանությամբ. կա 1 զոհ, 1 վիրավոր.


17:10 , 4 հունիս, 2019

Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ հունիսի 3-ին, Ապարանի բժշկական կենտրոնում մահացել է Ապարան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արգամ Քոչարյանը, ով նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել հունիսի 2-ին Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի 24 հասցեում գտնվող ավտոլվացման կետի դիմաց տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարվելու հետևանքով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Արագածոտնի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը նշված հասցեում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ա. Քոչարյանին և 34-ամյա Սերյոժա Քամալյանին դանակով հարվածել է Ապարան քաղաքի բնակիչ Աշոտ Կիրակոսյանը, ով այնուհետև դեպքի վայրից դիմել է փախուստի։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիճաբանության ժամանակ ներկա է եղել նաև Ա. Կիրակոսյանի եղբայրը՝ 37-ամյա Արթուր Կիրակոսյանը, ով սպառնացել է սպանել և իր ձեռքին եղած դանակով փորձել է հարվածներ հասցրել Ապարան քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Հայկ Ավագյանին, սակայն վերջինս դիմել է փախուստի, և Ա. Կիրակոսյանը իր կամքից անկախ հանգամանքներում մտադրված հանցագործությունն ավարտին չի հասցրել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված փաստով նույնպես հարուցվել է քրեական գործ և այն միացվել է նախորդ քրեական գործին։

Արագածոտնի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով բացահայտել են ոչ միայն հանցագործությունը, այլև հայտնաբերել են Արթուր Կիրակոսյանին, ում կալանավորելու միջնորդությամբ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչը դիմել է դատարան, որպեսզի նրա նկատմամբ որպես խափանման միջոց՝ ընտրվի երկամսյա կալանքը։

Դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Արթուր Կիրակոսյանը կալանավորվել է։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու, դեպքի հանգամանքներն ամբողջական պարզելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վիճաբանության պատճառը եղել է ավտոլվացման կետում ավտոմեքենան լվանալու հետ կապված խնդիրը և մինչ վիճաբանելը, կոտրել են ավտոլվացման կետի գույքը և ապակիները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում հունիսի 2-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած դանակահարությունների փաստով:

Ժամը 22:50-ի սահմաններում Ապարանի բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ էր ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել դանակահարված 2 քաղաքացի:

Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Աշոտ Հայրապետյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել էին, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Ապարան քաղաքի բնակիչներ՝ 36-ամյա Արգամ Քոչարյանը և 34-ամյա Սերյոժա Քամալյանը:

Երբ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորների վիճակը ծանր է, փաստով սկսել էր զբաղվել Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունը ու արդեն հիվանդանոց ժամանած քննչական խումբը՝ քննիչ Ստեփանյանի գլխավորությամբ, ոստիկանների հետ պարզել էին, որ նշված անձինք դանակահարվել են Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի 24 հասցեում գործող ավտոլվացման կետի դիմաց:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելեու, հանցագործության մասնակից անձի կամ անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: