Տիեզերքում հայտնաբերվել են առեղծվածային լուսային ազդանշաններ


06:06 , 4 հունիս, 2019

Աստղագետների միջազգային խումբն առեղծվածային երևույթ է հայտնաբերել, որը կապված է Երկրից 16 հազար լուսատարի հեռավորության վրա գտնվող AG Draconis կրկնակի աստղի հետ։ Այն իրենից ներկայացնում է անոմալ բռնկումների շարք, որը տեղի է ունեցել համակարգի հերթական ակիտվության ժամանակ։

Հետազոտողները 1932 թվականից սկսած 36 բռնկում են նկատել։ Այս տվյալները ցույց են տվել, որ գոյություն ունի երկու տեսակի բռնկում՝ «սառը», որը սովորաբար առաջանում է ակտիվանալու սկզբնական փուլում, և «տաք», որը տեղի է ունենում ավելի ուշ։ Ակտիվության փուլը սովորաբար տևում է 9-15 տարի, որից հետո սկսվում է հանգստության փուլը։

Հիպոթեզներից մեկի համաձայն՝ բռնկման պայծառության ուժգնացման ժամանակ համակարգում սկսվում են տեղի ունենալ ջերմամիջուկային ռեակցիաներ, որի ժամանակ մեկ աստղից մյուսի վրա ընկնող առարկաների արագությունը սկսում է գերազանցել որոշակի կրիտիկական նիշ։

Սակայն 2015 թվականին անհասկանալի պատճառներով ակտիվության փուլի սկզբում «տաք» բռնկում տեղի ունեցավ, որը կրկնվեց նաև 2016, 2017 և 2018 թվականներին։ Սա հաջորդականության փոփոխության առաջին դեպքն էր շուրջ 130 տարվա դիտարկումների ընթացքում։ Համաձայն գիտնականների հաշվարկների՝ հաջորդ բռնկումը պետք է տեղի ունենար 2019 թվականին, սակայն աստղագետները դեռևս չեն հաղորդել այս իրադարձության մասին։