Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. ջրասուզակը որոնողական աշխատանքների արդյունքում արհեստական լճից դուրս է բերել 18-ամյա տղայի դին


23:10 , 3 հունիս, 2019

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանանդ գյուղի մոտակա լճում քաղաքացի է ջրահեղձ եղել և դին հայտնաբերելու և դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ թիվ 28 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ այնուհետև թիվ 27 փրկարարական ջոկատը:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Բաղրամյանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քանի որ կարիք է եղել ջրասուզակի, ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 17 փրկարարական ջոկատը և ջրասուզակը:

Ժամեր անց ջրասուզակը լճից դուրս է բերել 18-ամյա Մկրտիչ Պետրոսյանի դին:

Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված արհեստական լիճը պատկանում «Վոլնակ» ՍՊԸ-ին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: