Բրիթնի Սփիրսը հայտարարել է, որ նրա նախկին ամուսինն ուժով է խլել երեխաներին


18:00 , 1 հունիս, 2019

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը հայտարարել է, որ իրեն խաբել են, իսկ իր թիմը ստիպել է լռել, երբ 26 տարեկանում նրանից խլել են երեխաներին, իսկ իրեն ուղարկել հոգեբուժական կլինիկա՝ բուժվելու։ Նրա նամակը հայտնվել է The Daily Mail-ում։

Նշվում է, որ երգչուհին այդ նամակը գրել է 2009-2010-ին։ Նա իր մասին գրում է երրորդ դեմքով և պնդում, որ ամեն ինչ կանխամտածված է եղել 2008-ին, երբ նա փակվել է սենյակում, որպեսզի որդիներից ոչ մեկին չտա նախկին ամուսնուն՝ Քևին Ֆեդերլայնին։ Նա նաև իր թիմին մեղադրել է նրանում, որ դրա անդամները մշտապես վերահսկում են իր կյանքը և սպառնում, որ կխլեն երեխաներին, եթե երգչուհին չհամագործակցի իրենց հետ։

Նամակի համաձայն՝ այդպիսի սպառնալիքներով են նրան ստիպել ամուսնալուծվել Ֆեդերլայնից, որն իրեն «անմեղ զոհ» է ձևացրել։ Բացի այդ՝ նրան ստիպել են տալ երեխաներին։ Իսկ երբ այդ պատճառով նա, ինչպես ցանկացած մայր, կորցրել է վերահսկողությունը, դա օգտագործել են երգչուհու դեմ։