Անհրաժեշտ է մինչև օրինագծի ընդունումը բավական խորությամբ ուսումնասիրել համահարթեցման հնարավոր հետևանքները և գտնել ավելի օպտիմալ լուծում


22:36 , 31 մայիս, 2019
Ինչպես արդեն հայտնի է ՀՀ կառավարությունը Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նոր օրենքի նախագիծ է ներկայացրել ՀՀ ԱԺ, որն արդեն հաջորդ շաբաթ կքննարկվի քառօրյայի նիստերի ընթացքում:
Հիշյալ օրինագծով առաջարկվում է համահարթեցնել եկամտային հարկը,նվազեցնել շահութահարկի դրույքաչափը, իսկ փոխարենը՝ բարձրացնել որոշ ապրանքատեսակների ակցիզային հարկը, ավելացնել թանկարժեք ավտոմեքենաների բնապահպանական հարկը, ինչպես նաև խաղային ոլորտի կազմակերպությունները հարկել շահութահարկով ։ 
Անդրադառնալով եկամտային հարկին, պետք է նշել, որ ըստ այս օրինագծի՝ նախատեսվում է իրականացնել եկամտային հարկի համահարթեցում՝ կիրառելով 23% միասնական համահարթեցնող դրույքաչափ՝ ներկայումս գործող եռաստիճան պրոգրեսիվ դրույքաչափերի փոխարեն, այն է՝ 23 % (մինչև 150 հազար դրամ աշխատավարձի համար), 28 % (150 հազար դրամից մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձի համար) և 36 % (2 միլիոն դրամից բարձր աշխատավարձի համար): Համահարթեցնող դրույքաչափի կիրառումը նախատեսվում է իրականացնել ս.թ. սեպտեմբերի 1-ից։ Այնուհետև, եկամտային հարկի դրույքաչափը մինչև 2023 թվականը աստիճանաբար կնվազեցվի մինչև 20 տոկոս: 
Ըստ նախնական հաշվարկների՝ միայն եկամտային հարկի դրույքաչափի փոփոխության արդյունքում պետական բյուջեի կորուստները տարեկան կտրվածքով կկազմեն մոտ 28 մլրդ դրամ։ Այդ կորուստները Կառավարությունը նախատեսում է փոխհատուցել այլ հարկատեսակների և տուրքերի բարձրացման հաշվին Մասնավորապես, օրենքի նախագծով նախատեսվում է բարձրացնել ծխախոտային արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը, ինչպես նաև ավելացնել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ցանկը։ Բացի այդ, նախատեսվում է բարձրացնել 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող՝ 300 և ավելի ձիաուժ ունեցող շարժիչի հզորությամբ ավտոմեքենաների բնապահպանական հարկը, խաղային ոլորտը (խաղատներ, բուքմեյքերական ընկերություններ) հարկել շահութահարկով, կտրուկ բարձրացնել ֆինանսավարկային հատվածի լիցենզիաների համար պետական տուրքի դրույքաչափը:
Եկամտային հարկի համահարթեցնող դրույքաչափի կիրառման արդյունքում փաստացի չեն շահում և նույնիսկ տուժում են այն վարձու աշխատողները, որոնց եկամուտը չի գերազանցում 150000 ՀՀ դրամը: Նշենք, որ վերջիններս կազմում են եկամտային հարկ վճարողների մոտ 65 տոկոսը՝ շուրջ 610 հազար վարձու աշխատող: Իսկ համահարթեցման արդյունքում եկամտային հարկը փոխվում է հարկատուների ընդամենը 35 %-ի համար: Ընդ որում, ամսական 2 միլիոն դրամից ավելի եկամուտ ստացողները, որոնք կազմում են վարձու աշխատողների ընդամենը 0.3 տոկոսը՝ առավել շատ են շահում այս փոփոխության արդյունքում, քանի որ վերջիններիս համար եկամտային հարկը, փաստացի կնվազի միանգամից 13 տոկոսային կետով( 36%-ից նվազելով մինչև 23%):
Վերոգրյալին եթե հավելենք նաև, որ հիշյալ օրինագծի ընդունման դեպքում կբարձրանա ակցիզային հարկի դրույքաչափը մի շարք ապրանքնատեսակների գծով և արդյունքում կթանկանան մի շարք ապրանքներ, այդ թվում՝ծխախոտը և խմիչքը: Եվ հետևաբար, քանի որ մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամտային հարկը չի նվազի և արդյունքում տնօրինվող եկամուտը չի ավելանա, ապա ապրանքների թանկացումը նրանց վրա կազդի ամենաանմիջական կերպով: Պետք է նշել նաև, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է եկամտային հարկի դրույքաչափերի և ֆիզիկական անձանց հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար վերականգնել կուտակային կենսաթոշակային հատկացումների պետական բյուջեի և քաղաքացիների մասնակցության հավասարության սկզբունքը՝ ներկայիս 7.5%-ի փոխարեն պետությունը կվճարի կենսաթոշակային վճարի 5%-ը, իսկ մնացած 5%-ը կկատարվի աշխատողների աշխատավարձի հաշվին: Փաստացի, ստացվում է, որ նշված փոփոխության արդյունքում ևս վարձու աշխատողների եկամուտները կնվազեն, ինչն ավելի շատ իրենց վրա կզգան մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները:
Այսպիսով, օրինագծի ընդունումը կարող է ավելի խորացնել սոցիալական անհավասարությունը մեր հանրապետությունում, քանի որ դրանից ավելի կշահեն բարձր եկամուտ ունեցողները, իսկ ցածր եկամուտ ունեցողների իրական աշխատավարձը կարող է նույնիսկ նվազել:
Ուստի, կարծում եմ, անհրաժեշտ է մինչև օրինագծի ընդունումը բավական խորությամբ ուսումնասիրել համահարթեցման հնարավոր հետևանքները և գտնել ավելի օպտիմալ լուծում: