Դավիթ Տոնոյանը և Բրյուսովի անվան համալսարանի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության հնարավորությունները


20:10 , 31 մայիս, 2019

Մայիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է մարտի 24-ից 29-ը Հայաստանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի կազմակերպմանն էական աջակցություն ցուցաբերած` Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, օլիմպիադայի ժյուրիի անդամներին և լավագույն արդյունքներ արձանագրած մասնակիցներին:

Համալսարանն արդյունավետ համագործակցում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ իր մասնակցությունն ունենալով Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում արդեն երկրորդ անգամ անցկացվող օլիմպիադայի ընթացիկ և նախապատրաստական աշխատանքներին:

Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը, արդյունավետ համարելով ՀՀ պաշտպանության նախարարության և կրթօջախի համագործակցությունն ու ընդգծելով համալսարանի ուսանողների ակտիվ մասնակցությունը օլիմպիադայի աշխատանքների կազմակերպմանը, համոզմունք է հայտնել, որ փոխգործակցությունը կլինի շարունակական:

Հանդիպման ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մի շարք դասախոսների և ուսանողների խրախուսել է պատվոգրերով: