Հանրապետության նախագահը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը


13:28 , 31 մայիս, 2019

Հանրապետության նախագահը ՍԴ դատավորի նոր թեկնածու է առաջադրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և կից ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը՝ հետևյալ բովանդակությամբ:  
«Հարգելի պարոն Միրզոյան.

Համաձայն Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդ­վածի՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջադրում եմ Վահե Գրիգորյանի թեկնածությունը:
Ազգային ժողովի համապատասխան նիստում Վահե Գրիգորյանի թեկնածու­թյունը կներկայացնի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար էմիլ Տարասյանը»:

Հիշեցնենք, որ 4 անգամ Ազգային ժողովը դեմ է քվեարկել ՍԴ դատավորի՝ նախագահի առաջադրած թեկնածուին։ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված վերջին թեկնածուն Արթուր Վաղարշյանն էր, սակայն նրա թեկնածության օգտին քվեարկեց 30, դեմ՝ 53 պատգամավոր: Խորհրդարանը դեռ նախորդ տարվա մայիսից չի կարողանում ՍԴ անդամի թափուր տեղը լրացնել: 
Հիշեցնենք նաև, որ Ազգային ժողովն ապրիլի 16-ին կայացած նիստում 24 կողմ, 47 դեմ հարաբերակցությամբ չէր ընտրել ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածու, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանին։

Նախագահի անձնակազմից էլ հայտնեցին, որ առնվազն մեկ տարի է, Հանրապետության նախագահը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ներգրավված է Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համալրման նպատակով Ազգային ժողովին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածություն առաջարկելու գործընթացում:

Այդ պատասխանատու գործընթացը Հանրապետության նախագահն իրականացրել է հրապարակային ու ժողովրդավարական գործելաոճով՝ հավատարիմ մնալով իր սահմանադրական լիազորություններին, պահպանելով սահմանադրական նորմերը և ելնելով անաչառության և օբյեկտիվության սկզբունքներից: Հնարավոր թեկնածուների առաջարկներ և հավակնորդների վերաբերյալ կարծիքներ ստանալու նպատակով Հանրապետության նախագահը նախաձեռնել է օրենքին չհակասող մի շարք ընթացակարգեր, հանդիպել երկրի իրավական ոլորտի բազմաթիվ մասնագետների, իրավաբանական համայնքի հեղինակավոր ներկայացուցիչների, այդ թվում՝ գիտական ու փաստաբանական շրջանակների հետ:

Մեկ տարվա ընթացքում, չնայած մի քանի անգամ հայտարարվել է թեկնածուների հայտերի ընդունման մասին, այդուհանդերձ, հավանական թեկնածուների թիվը եղել է շատ սահմանափակ: ՍԴ դատավորի թեկնածուի ընտրությունը փաստորեն սահմանափակվում է տվյալ պաշտոնին համապատասխանող ընդամենը մի քանի անհատ իրավաբանների շրջանակով:

Կարևորելով իրավական համակարգի, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի գործունեության արդյունավետությունը, նկատի ունենալով, որ ՍԴ անդամի թեկնածուի ընտրության հարցը չի կարող անվերջանալի գործընթացի վերածվել, դառնալ քաղաքական սակարկությունների կամ շահարկումների առարկա, հենվելով իր և իրավական հանրույթի ներկայացուցիչների, ինչպես նաև ՍԴ դատավորի հավանական թեկնածուների հետ վերջին երկու օրերի ընթացքում ունեցած քննարկումների արդյունքների վրա, Հանրապետության նախագահը առաջարկում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

Հանրապետության նախագահը հույս ունի, որ, ընտրվելով ՍԴ դատավոր, Վահե Գրիգորյանն իր ավանդը կներդնի Սահմանադրական դատարանի աշխատանքների արդյունավետության բարձրացման, սահմանադրական արդարադատության, օրենքով Բարձր դատարանի դատավորին վերապահված լիազորությունների լիարժեք իրականացման գործում:

Հ. Գ. Հաշվի առնելով անցած մեկ տարվա փորձը՝ Հանրապետության նախագահն անհրաժեշտ է համարում, որ ապագայում քննարկվի իր իսկ կողմից ՍԴ դատավորի նշանակման հնարավորությունը՝ փոփոխելով գործող ընթացակարգերը՝ նկատի ունենալով Սահմանադրության 138-րդ հոդվածում (Պաշտոնատար անձանց ժամանակավոր նշանակումը) առկա կարգավորումների տրամաբանությունը: