Արա Մարտիրոսյանի մենահամերգն ու ստեղծագործական կյանքի 20-ամյակը՝ երևանյան բեմում


12:40 , 31 մայիս, 2019

Մի քանի օրից Արա Մարտիրոսյանը կրկին մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, բայց մինչև այդ հայ հանդիսատեսի համար երեկ հրաշալի երեկո էր կազմակերպել՝ նշելով իր ստեղծագործական կյանքի 20 տարին: «Դվին Հոլում» հավաքվել էին երգչի ստեղծագործությունների սիրահարները, ովքեր անգիր գիտեին նրա երգերը և ձայնակցում էին: Հին երգերից զատ՝ Արան ներկայացրեց մի քանի պրեմիերա, որոնք հայ հանդիսատեսի համար նորություն էին:

Արայի երգերում նոտաներն անկեղծ են ու իրական, մեղեդին՝ սրտեր բացող, ճանապարհ հարթող խենթ սիրո մասին: «Բաժանում չի լինի» երգը հանդիսատեսն առանձնահատուկ ընդունեց, իսկ ընկերներին և մայրիկին նվիրված երգերն Արայի համար կարևոր նշանակություն ունեին։ Իր և Սոնայի «40 градусов» հայտնի երգն Արան կատարեց երգչուհի Արևոյի հետ: Մինչ համերգի սկսվելը BlogNews.am-ը մի քանի հարց է տվել արտիստին:

«Իմ ստեղծագործական կյանքի 20 տարին այս փոքր տարբերակով եմ նշում: Կատարելու եմ մոտավորապես քսան-քսանհինգ երգ, մի քանի պրեմիերաներ ևս կան: Կան երգեր, որոնք նոր են, կան երգեր, որոնք նոր գործիքավորմամբ են»:   

Երգիչը նշում է, որ այս համերգային ծրագիրը պատրաստվում է ներկայացնել նաև ԱՄՆ-ում․ «Ես ելույթ եմ ունենում մեծ մասամբ հայ հանդիսատեսի համար թե՛ ԱՄՆ-ում և թե՛ Հայաստանում: Երգում եմ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Հայ հանդիսատեսն ինձ ամեն ինչ է տալիս՝ էներգիա, ուժ, ավելին անելու ցանկություն»:

Ինչ վերաբերում է նոր տեսահոլովակներին, երգիչը նշում է. «Մոտ մեկ ամսից նոր տեսահոլովակ կլինի «Карусели» երգի հիման վրա: Մինչ այդ հանդիսատեսը կարող է դիտել այս համերգի տեսագրությունը»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի