Կենդանիներ, որոնք սնունդ են պատրաստում կամ վերամշակում


02:11 , 31 մայիս, 2019

Իհարկե, դժվար է պատկերացնել կենդանու, որը զբաղված է սնունդ պատրաստելով։ Սակայն չնայած որ կենդանիների մեծ մասը հայթհայթած սնունդը հում է ուտում, այնուամենայնիվ, կան կենդանիներ, որոնք ծանոթ են սնունդ պատրաստելու գործընթացին։

Մարդը միակ տեսակն է, որ կարող է բարդ համային բաղադրություններ և տարբեր ճաշատեսակներ պատրաստել։ Սակայն կենդանիների այլ տեսակներ ևս աստիճանաբար միանում են մեզ։ Օրինակ՝ հասուն մեծգլուխ մրջյունները սնունդը տեղադրում են իրենց թրթուրների փորի վրա, որպեսզի նրանք պատվեն ֆերմենտներով, ինչն ավելի է հեշտացնում սննդի մարսումը։

Թռչունների աշխարհում որոշ տեսակներ կան (օրինակ՝ մսագործ թռչունները), որոնք թունավոր ծղրիդներին տեղադրում են սուր փշերի վրա, այնուհետև այդպես պահում են երկու օր, որպեսզի թունավոր նյութերը քայքայվեն, և միայն այս ամենից հետո ուտում են իրենց զոհին։

Կապուցին կապիկներն արմավի թարմ ընկույզները չորացնում են արևի տակ, որպեսզի ավելի հեշտ կոտրեն պինդ մակերեսը, իսկ ահա ճապոնական մակակաները հետազոտողների «հյուրասիրած» կարտոֆիլը լվանում են, որից հետո նոր ուտում։

1952 թվականին Կոձիմա կղզու վրա պրիմատոլոգները կապիկներին սկսեցին կերակրել բաթաթով, սակայն կապիկները, չնայած որ քաղցր կարտոֆիլը նրանց դուր եկավ, սկսեցին կեղտից մաքրել այն։ Գործընթացը բավականին երկար ժամանակ խլեց։

Գրեթե մեկ տարի անց կապիկներից մեկը լուծում գտավ։ Նա ուղղակի կարտոֆիլը լվաց գետի մեջ։ Տեսակի երիտասարդ ներկայացուցիչները սկսեցին հետևել այս օրինակին, և արդեն 4 տարի անց «խելացի» կապիկների քանակը հասավ 15-ի։ Այս սովորությունը կապիկների մոտ պահպանվել է մինչև օրս։