Արտակարգ դեպք Արարատի մարզում. անհայտ անձը Նորամարգ գյուղում նռնակ է նետել իր ազգականի տան ուղղությամբ


17:00 , 30 մայիս, 2019

Shamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Բազմաբեկորային վնասվածքներով Մասիսի հիվանդանոց են տեղափոխվել 4 քաղաքացի։

Ինչպես Արարատի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին հիվանդանոց են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Արարատի մարզի Նորամարգ գյուղից, որտեղ տեղի է ունեցել պայթյուն, և ըստ նախնական տեղեկությունների՝ ընտանիքի անդամներից մեկը կամ նռնակ կամ այլ պայթուցիկ նյութ է նետել տան վրա։

Այս պահին նշված տուն են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խմբի մի մասը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Զաքարյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնի Մասիսի պահպանության դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Իգնատ Թարվերդյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները, ինչպես նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության փորձաքրեագետները։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։

Գյուղ են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ, ովքեր ծառայություն են կատարում գյուղամիջյան ճանապարհներին, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չհավաքվեն։

Դեպքի վայրի հարևանությամբ բնակվողները, ովքեր չցանկացան տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Դեպքը կենցաղային հողի վրա է, և վիրավորներից մեկի նախկին ամուսինն է նռնակ նետել տան ուղղությամբ։ Հիմա երևի ոստիկաններն ու քննիչները տեղում կաշխատեն, կիմանան՝ հաստատ նռնա՞կ է եղել, թե՞ այլ պայթուցիկ նյութ»։

Հարևանները նշում էին նաև, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանները, որոնցից մեկին՝ ոստիկանական ավտոմեքենայով։

Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հնարավոր է՝ նախապատրաստված նյութերը փոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: