Լարված իրավիճակ Ուջանի հատվածում. «Հյուսիս-հարավ»-ի աշխատակիցները փակել են ճանապարհը (Video)


13:30 , 30 մայիս, 2019

12:30

Իրավիճակը լարվել է Ուջանի հատվածում: Նշված ճանապարհով երթևեկող քաղաքացիները պահանջում են բացել ճանապարհը` նշելով, որ շտապ գործեր ունեն:

Ոստիկանության ծառայողներից պահանջում են բացել ճանապարհը, իսկ բողոքի ակցիայի մասնակիցներն ասում են՝ իրենց հարցը լուծելու միակ տարբերակը ճանապարհը փակ պահելն է, որովհետև աշխատավարձ չեն ստացել, միլիոնավոր դրամների վնասներ են կրել:

12:03

«Մինչև օրս մեզ ոչ ոք սպառիչ պատասխան չի տալիս, թե մեր աշխատավարձերը երբ են վճարելու, բոլորին դիմել ենք՝ վարչապետին, Տիգրան Ավինյանին, տրանսպորտի նախարարին, իսպանական ընկերությանը։ Ե՛վ գրավոր, և՛ բանավոր դիմել ենք բազմիցս»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

«Ժակ Շին» ՍՊԸ-ի հիմնադիր Գուրգեն Հովհաննիսյանն էլ ասաց, որ գումարը շատ է, թե ով է վճարելու, տեղյակ չեն. «Չենք կարողանում հասկանալ, թե ով է վճարելու մեր աշխատավարձերը: Նախորդ տարվա օգոստոսից գումար չենք ստացել, մինչև նոյեմբեր աշխատել ենք, ու աշխատավարձ չկա: 19 ընկերություն փող չի ստացել: Մոտ 2 մլրդ 2 մլն դրամի գումար է, բազմիցս դիմել են բոլոր ատյաններին, ոչ մի փոփոխություն չկա:

Հիմա ակնկալում ենք, որ տրանսպորտի նախարարի ու փոխվարչապետ Ավինյանի հետ կլոր սեղանի շուրջ հավաքվենք ու տեսնենք, թե ինչ լուծում կա մեր հարցին, այլապես ճանապարհը պարբերաբար փակելու ենք, մինչև մեր հարցը լուծվի»:

Ճանապարհն այս պահին փակ է, երբեմն որոշ մեքենաների համար այն բացում են վերապահումով:

 11:43

«Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունն իրականացնող աշխատակիցները փակել են նշված ճանապարհի Ուջան բնակավայրի հատվածը։ Tert.am-ի հետ զրույցում աշխատակիցներից Գուրգեն Հովհաննիսյանն ասաց, որ 19 կազմակերպության աշխատակիցներ փակել են ճանապարհը, որովհետև արդեն տասը ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել։