Օրգանիզմում վիտամին C-ի պակասի գլխավոր նախանշանները


04:08 , 29 մայիս, 2019

Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության մասնագետները նշել են, թե ինչպիսի նախանշաններ կարող է ունենալ օրգանիզմում վիտամին C-ի պակասը։ Ըստ մասնագետների՝ այս վիտամինի անբավարարության հիմնական նախանշաններից է վնասվածքների և վերքերի վատ վերականգնումը։

Այս վիտամինը մեծ նշանակություն ունի հյուսվածքների վերականգնման գործընթացում, այդ պատճառով նրա անբավարարության ժամանակ անգամ թեթև վնասվածքները կարող են երկար ժամանակ մնալ մարդու մարմնի վրա։

Վիտամինի անբավարարությունը կապված է նաև քաշի ավելացման, վատ տրամադրության և անընդհատ հոգնածության հետ։ Այն կարող է թուլացնել նաև իմունային համակարգը։ Վիտամին C-ի պակասը ամենից հաճախ կապված է լինում ծխելու, ալկոհոլի չարաշահման, սխալ սնվելու, հոգեկան հիվանդությունների և անորեքսիայի հետ։

Մասնագետները խորհուրդ են տալիս վիտամին C-ի պակասի առաջին նախանշանների դեպքում անհապաղ դիմել բժշկի։ Բժշկի այցելելու անհրաժեշտության մասին կարող է հուշել նաև մաշկային ծածկույթի անառողջ գունատությունը։