Ոտքերի խնամքը ամռանը


15:39 , 22 հունիս, 2013

Ամռանը ոտքերի հետ կապված բազմաթիվ խնդիրներ են առաջանում՝ կոշտուկներ, ուռելու խնդիր:
Այս և շատ այլ խնդիրներից խուսափելու լավագույն միջոցը դրանց առաջացումը կանխելն է:

Եթե կոշիկը սեղմում է...

Որոշ մարդկանց մոտ ամռան հետ կրկնվում են խնդիրները՝ ամառային կոշիկները կրելու առաջին շաբաթվա ընթացքում կոշտուկներ են առաջացնում: Թաց կոշտուկները վկայում են կոշիկի անհարմարության մասին: Եթե մտավախություն ունեք, որ կոշիկը նման անհարմարություն կպատճառի, ապա նախապես պաշտպանեք ոտքի մաշկը հատուկ պլաստիրով: Ի դեպ՝ չոր կոշտուկներն առաջանում են մաշկի շարունակական վնասման դեպքում: 

Եթե երեկոյան ոտքերը ուռած են...

Սա լուրջ խնդրի մասին չի վկայում: Շոգ օրերին կանանց մոտ, հատկապես ավելորդ քաշ ունեցողների, կարող են առաջանալ նման խնդիրներ: Պատճառները բազմազան են, սակայն հիմնականում կապված չեն լուրջ հիվանդությունների հետ: Ոտքերը կարող են ուռել երկար կանգնելու արդյունքում, անհարմար կոշիկ կրելու, որոշ հաբեր ընդունելու դեպքում: Այս խնդիրն ավելի հաճախ ունենում են հղիները: Սակայն եթե ոտքերն անընդհատ ուռում են, անկախ եղանակից, և հատկապես եթե ոտքերից միայն մեկն է ուռում, ապա դիմեք բժշկի: Նման դեպքերում պատճառ կարող է լինել սրտի հիվանդությունը կամ երիկամային անբավարարությունը:

Ինչպես օգնել ոտքերին

1. Որքան հնարավոր է արագ հանեք կոշիկները 
2. Ցողեք ոտքերը սառը ջրով: Չորացրեք փափուկ սրբիչով: Սառեցնող քսուք քսեք:
3. Մերսեք ոտքերը, կարևոր չէ ինչ եղանակով: 
4. Պառկեք հանգստացեք: Ոտքերը մարմնից ավելի բարձր դրեք՝ բազմոցի թիկունքին, կամ մի քանի շերտով ծալված ծածկոցին: Ոտքերը պետք է գտնվեն սրտից 15 սմ բարձր:

Ամառը հիանալի առիթ է ոտնաթաթերի մկանները «մարզելու» համար: Որքան հնարավոր է շատ քայլեք անհարթ վայրերով՝ արահետներով, լեռների լանջերով, ավազոտ լողափերով: