Ուղևորը մահացել է ինքնաթիռում՝ փորձելով 1.5 կիլոգրամ թմրանյութ տեղափոխել ստամոքսում


05:43 , 28 մայիս, 2019

Թմրանյութեր տեղափոխող ճապոնացի տղամարդը հանկարծամահ է եղել ինքնաթիռում Մեխիկո-Տոկիո չվերթի ժամանակ: Մեքսիկական Սոնորա նահանգի դատախազության տվյալներով՝ ինքնաթիռի թռիչքից որոշ ժամանակ անց ուղևորներից մեկի՝ Ճապոնիայի 42-ամյա քաղաքացու մոտ ցնցումներ են սկսվել՝ գլխուղեղի արնազեղման հետևանքով:

Օդաչուները որոշել են արտակարգ վայրէջք կատարել Հերմոսիլյե քաղաքում: Բժիշկներն օպերատիվ կերպով ժամանել են օդանավակայան, բայց չեն կարողացել փրկել ուղևորին: Նրանք արձանագրել են տղամարդու մահը:

Դատաբժշկական փորձաքննության ընթացքում պարզվել է, որ զոհվածը 1.5 կգ ընդհանուր քաշով 246 փաթեթ կոկաին էր տեղափոխում ստամոքսում: Թմրանյութի մեծ չափաբաժինը ճապոնացու մահվան պատճառ է դարձել: