Սերժ Սարգսյանը շնորհավորել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլին Եվրոպական խորհրդարանի ընտրություններին գրանցած հաջողության կապակցությամբ


22:10 , 27 մայիս, 2019

Shamshyan.com-ը գրում է.

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլին Եվրոպական խորհրդարանի ընտրություններին ԵԺԿ գրանցած հաջողության կապակցությամբ:

Մեծարգո պարոն Դոլ, Խնդրում եմ ընդունել իմ ջերմ շնորհավորանքները Եվրոպական խորհրդարանի ընտրություններին ԵԺԿ գրանցած հաջողության կապակցությամբ: շ

Եվրոպայի քաղաքացիները ակտիվորեն քվեարկել են ԵԺԿ փորձի և տեսակետների օգտին, մեր քաղաքական ընտանիքին վստահելով ավելի լավ Եվրոպա կառուցելու պատվաբեր պատասխանատվությունը: Կասկած չունեմ, որ մնալով Եվրախորհրդարանի ամենամեծ քաղաքական խումբը, մոտակա տարիներին ԵԺԿ-ն շարունակելու է իր նպաստը բերել Եվրոպական Միության առաջխաղացմանն ու առաջընթացին:

Առիթից օգտվելով՝ իմ շնորհակալությունն եմ հայտնում վերջին տարիներին ԵԺԿ-ի կողմից Հայատանում ժողովրդավարական ինստիտուտների կառուցման և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման նպատակով մեզ ցուցաբերած աջակցության համար:

Հիշատակման արժանի է նաև Հայաստանին եվրոպական ընտանիքի հետ մոտարկման ԵԺԿ աջակցությունը, ինչպես նաև միջազգային ասպարեզում սերտ համագործակցությանը: Նպատակային և շարունակական ջանքերի շնորհիվ մեզ հաջողվեց նոր նախաձեռնություններով և նախագծերով համալրել Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը, ինչը աներկբա բխում էր մեր ժողովուրդների հիմնարար շահերից և նպաստում էր Հարավային Կովկասում կայունությանն ու անվտանգությանը:

Վստահություն ունեմ, որ Եվրոպական Միությունը շարունակելու է իր առաջընթացն ու զարգացումը, և նոր խորհրդարանը իր կառուցողական ներդրումը կունենա մայրցամաքում խաղաղության և կայունության ամրապնդման գործում:

Մեծարգո պարոն Դոլ, ընդունեք, խնդրում եմ, հարգանքներիս հավաստիքը:

Սերժ Սարգսյան

ՀՀԿ նախագահ

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ