14:13 , 22 հունիս, 2013
«Եթե քեզ չդնես ոչխարի տեղ, դիմացինդ գայլ չի դառնա». այս աֆորիզմը շատ ակտուալ է Հայաստանի համար: Հարգելի ընթերցող, ուսումնասիրելով, թե որ դեպքերում են հիմնականում որոշ չինովնիկներ ժողովրդից կաշառք վերցնում, հետևյալ եզրահանգման եկա.
• Երբ քաղաքացին ի սկզբանե, մտնելով չինովնիկի մոտ, պատրաստ է ամեն գնով ստանալ անհրաժեշտ թույլտվությունը:
• Երբ քաղաքացին բացեիբաց հասկացնում է, որ ինքը օրենքից ոչ մի բան չի հասկանում:
• Երբ քաղաքացին ցույց է տալիս, որ տվյալ հարցի լուծումը հրատապ է:
• Երբ քաղաքացին փորձում է որևէ ընդհանուր ծանոթ գտնել տվյալ չինովնիկի հետ:
• Երբ քաղաքացին չի պահանջում հիմնավորել մերժումը:
• Երբ քաղաքացին հենց սկզբից ասում է. «Դուք ինձ չեք ճանաչում, բայց ես կյանքի մարդ եմ»:
• Երբ քաղաքացին վախվորած ուշադիր լսում է, թե ինչ է ասում չինովնիկը, չնայած համոզված է, որ իր ներկայացրած պահանջը օրենքի սահմաններում է:
• Երբ քաղաքացին ասում է. «Ես լսել եմ Ձեր մասին, Դուք լավ մարդ եք»:
• Երբ քաղաքացին դեռ ներս չմտած արդեն հասկացնում է, որ զզված է ամեն ինչից և այս հարցը լուծելուց հետո պատրաստվում է արտագաղթել երկրից:
• Երբ քաղաքացին, մտմտելով չինովնիկի մոտ, մոռանում է, որ ինքը ՀՀ քաղաքացի է:
Հ.Գ. Ժամանակն է եկել, որպեսզի մենք հասկանանք` եթե մեր պահանջը օրենքի սահմաններում է, մենք պետք է պահանջատերի դիրքերից խոսենք, այլ ոչ թե մուրացկանի կեցվածք ընդունենք չինովնիկի մոտ: Եվ մի մոռացեք, որ Ձեր դիմաց կանգնած չինովնիկը աշխատավարձ է ստանում ձեր կողմից մուծած հարկերի հաշվին: