Կրկին անհանգիստ է վրաց-ադրբեջանական սահմանին


04:10 , 27 մայիս, 2019

Մեկ ամիս առաջ թափ առած վրաց-ադրբեջանական սուր քննարկումները՝ կապված երկու երկրների սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հետ, օր-օրի էլ ավելի են սրվում։

Ադրբեջանական կողմը որոշել է խնդրահարույց Դավիթ Գարեջայի հայտնի վանքային համալիրի ադրբեջանական մասում անցկացնել ավտոերթ՝ ազդարարելով նոր ճանապարհի շինարարությունը՝ դրանով Թբիլիսիին ցույց տալով, որ մտադրություն չունի քննարկելու վանական համալիրի պատկանելիության հարցը վրացիների հետ։ Վրացական կողմը, տեղեկանալով թուրք-ազերիների մտադրությունների մասին, որոշել է ևս ավտոերթ կազմակերպել։ Որոշ վրաց քաղաքական գործիչներ էլ կոչ են արել վրացիներին մայիսի 28-ին հավաքվել վանական համալիրի վրացական մասում և բողոքի ակցի կազմակերպել ազերիների սադրիչ գործողությունների դեմ։

Այս ամենի արդյունքում վրաց-ադրբեջանական սահմանին կարող են տեղի ունենալ բախումներ։ Հաշվի առնելով այդ վտանգը՝ Վրաստանի վարչապետը և ԱԳՆ ղեկավարը հանգստության կոչով են հանդես եկել և հայտարարել են, որ որևէ անդրկուլիսյան համաձայնություն Բաքվի հետ չի լինի։

Հիշեցնեմ, որ պաշտոնական Բաքուն Դավիթ Գարեջայի վանական համալիրն օգտագործում է սեփական կեղծված պատմությունն «ամրապնդելու» նպատակով։ Այն անվանելով Քեշիքչիդաղ՝ ազեր-կոյունլուներն այն ներկայացնում են որպես աղվանական պատմական հուշարձան։