«Դեմ ենք Նազենի Ղարիբյանին՝ որպես օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահի». թատրոնի կոլեկտիվը հայտարարություն է տարածել


10:26 , 25 մայիս, 2019

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակազմը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ իրենք դեմ են օպերային թատրոնի կառավարման խորհրդի ղեկավարի պաշտոնում Նազենի Ղարիբյանի ընտրությանը:

«Տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքների վերաբերյալ թատրոնի կոլեկտիվը միանգամայն հիմնավոր և արդարացի անհամաձայնություն ունի»,- ասված է Օպերայի աշխատակիցների տարածած հաղորդագրության մեջ:

Նրանք պատրաստվում են մայիսի 27-ին կոլեկտիվի ժողով հրավիրել՝ քննարկելու ստեղծված իրավիճակը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրել էին, որ «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը:

«Ղեկավարվելով «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 43 կետի զ. ենթակետով՝ ս. թ. մայիսի 22-ին կայացել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի հերթական նիստը՝ թատրոնի կառավարման խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության օրակարգով»,- ասված էր հաղորդագրության տեքստում: