Իտալացի պատգամավորը խոստանում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը միշտ հնչեղ պահել


20:20 , 24 մայիս, 2019

Armenpress.am-ը գրում է.

Իտալիայի խորհրդարանի մեծամասնություն կազմող ուժի ներկայացուցիչ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն, ով նաև Եվրոպական խորհրդարանի փոխնախագահն է, հայտարարել է, որ հպարտ է Իտալիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում իր ունեցած ներդրման համար: Հռոմում լիբանանցի համայնքի հետ հանդիպմանը նա նշել է, որ Իտալիայի Պատգամավորների պալատում Հայոց ցեղասպանության դատապարտման, այդ երկրի կառավարությանը հղված՝ ճանաչման կոչի և հարցին միջազգային հնչեղություն տալու անհրաժեշտության բարձրաձայնման նախաձեռնողը  օրենսդիր մարմնում ձայների մեծամասնություն ունեցող ուժն է՝ «Հինգ աստղ շարժումը» (M5S): Նրա խոսքով՝ նախկինում Իտալիայում կառավարող ուժերը Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապերը գերադասում էին արդարությանն առերեսվելուց, իսկ խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժը հավատարիմ է Հայոց ցեղասպանությունը դատապարտող և Թուրքիայից նույնն անել պահանջող իր քաղաքականությանը:

«Մենք նաև Եվրոպական խորհրդարանում կլինենք լսելի ձայն՝ հայ ժողովրդի արդար խնդիրը բարձրաձայնելու հարցում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Ֆաբիո Մասիմո Կաստալդոն:

Իտալիայի Պատգամավորների պալատն ապրիլի 10-ին ընդունել է նախաձեռնություն, որով կոչ է անում Իտալիայի  կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և տալ միջազգային հնչեղություն: Բանաձևի օգտին  քվեարկել է 382 պատգամավոր, դեմ չի եղել, ընդդիմադիր «Առա՛ջ Իտալիա» կուսակցության 43 պատգամավորները ձեռնպահ են եղել:

Իտալիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության բանաձև է ընդունել նաև 2000 թվականին, իսկ  Եվրախորհրդարանը 2015թ.՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին վերահաստատել է 1987 թվականի հունիսի 18-ին իր կողմից ընդունված բանաձևը, ըստ որի 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածը ճանաչվել էր ցեղասպանություն՝  ցեղասպանության մասին ՄԱԿ-ի 1948 թվականի կոնվենցիայի դրույթների համապատասխան: