Սան Պաուլո քաղաքում ավելի քան 8000 մարդ փակել է դեպի օդանավակայան տանող ճանապարհը


12:46 , 22 հունիս, 2013

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում ավելի քան 8000 ցուցարարներ երթ են կազմակերպել դեպի միջազգային օդանավակայան տանող մայրուղում, հաղորդում է RIA Novosti-ն:

Ուղևորները ստիպված են եղել դուրս գալ մեքենաներից օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, որպեսզի չուշանան չվերթից: Օդանավակայանում ուժեղացվել են անվտանգության միջոցները:

Ուրբաթ երեկոյան Բրազիլիայում բողոքի ակցիաները վերսկսվել են: Ակցիայի մասնակիցների մեծ մասը իրենց կարծիքը խաղաղ եղանակով են հայտնում և դատապարտում են նրանց, ովքեր ոստիկանության հետ բախումներ են հրահրում և անկարգություններ կազմակերպում:

Ներկայում բողոքի ցույցեր են ընթանում Սան Պաուլո քաղաքի բոլոր շրջաններում: Ռիո դե Ժանեյրոյում ևս ցույցերը շարունակվում են: Այստեղ տաս մարդ է ձերբակալվել բանկոմատի կողոպուտի փորձ կատարելիս:

Հիշեցնենք, որ Բրազիլիայում բողոքի ակցիաների առիթը հունիսի 2-ին հասարակական տրանսպորտի սակագների բարձրացումն էր, որի չեղյալ հայտարարումը, սակայն, չհանդարտեցրեց ցուցարարներին: Նրանք բողոքում են իշխանությունների սոցիալ-տնտեսական քաղաքականության, կոռուպցիայի դեմ: