Թուրքիայից մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխված ուղեբեռում եղել է նոր հագուստ, օծանելիք, լուսային պանելներ


17:40 , 24 մայիս, 2019

Pastinfo.am-ը գրում է.

Մաքսանենգ ճանապարհով Թուրքիայից Հայաստան ներկրված 7 տոննա ուղեբեռի մեջ եղել է մեծամասամբ նոր հագուստ, օծանելիք եւ ԼԷԴ լուսային պանելներ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԱԾ-ից։

Վերջին շրջանում «Բագրատաշեն» մաքսակետում ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանումների համար «Փաստինֆո»-ն դիմել էր ԱԱԾ՝ պարզելու, թե ի վերջո ՀՀ քաղաքացիները Թուրքիայից ինչ ծավալի ապրանք են ներկրել եւ ինչ է եղել մաքսանենգ ուղեբեռում։

ԱԱԾ-ից ստացված պատասխանում ասվում է.

«ՀՀ ԱԱԾ-ն 2019 թվականի մայիսի 22-ին արդեն իսկ անդրադարձել է «Բագրատաշեն» մաքսակետում ստեղծված իրավիճակին։ Հաշվի առնելով հարցի նկատմամբ հանրային հետաքրքրությունը, ինչպես նաեւ ՀՀ ԱԱԾ տնօրենի կողմից այսօր լրագրողների հետ ճեպազրույցում արված  հայտարարությունը, լրացուցիչ ճշգրտումներ իրականացնելուց հետո տեղեկացնում ենք, որ  ՀՀ մի խումբ քաղաքացիների կողմից առեւտրային նպատակներով Թուրքիայից ձեռք բերված ապրանքներով բեռնված շուրջ 24 տոննա կշռող բեռնատարը ՀՀ մաքսային հսկողության գոտում բեռնաթափվել է։ Այնուհետեւ, ընդհանուր առմամբ շուրջ 13.5 տոննա կշռող ապրանքը, փոքր խմբաքանակներով՝ 1 ավտոբուսով եւ 5 միկրոավտոբուսներով, մաքսային հսկողության գոտություն դուրս է բերվել ներկրման նպատակով։

Պարզվել է, որ ընդհանուր 13.5 տոննա բեռից 5700 կգ-ն հայտարարագրվել եւ մաքսազերծվել է օգտագործված հագուստի, ռետինե հողաթափելի, գուլպաների անվան տակ, ինչը միայն մասնակիորեն է համապատասխանել փաստացի առկա ապրանքատեսակներին, 575 կգ-ն հայտարարագրվել է որպես ուղեկցող բեռ՝ յուրաքանչյուր անձին հասանելի 25 կգ թույլատրելի չափի սահմաններում, իսկ մնացած շուրջ 7 տոննա բեռը (մեծամասամբ նոր հագուստ, ինչպես նաեւ օծանելիք եւ ԼԷԴ լուսային պանելներ) առհասարակ չի հայտարարագրվել։

ՀՀ ԱԱԾ-ի կողմից «Բագրատաշեն» մաքսակետում իրականացվող վերոհիշյալ միջոցառումներին ի սկզբանե գործուն աջակցություն է ցուցաբերվել ՀՀ ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների կողմից՝ ապրանքների ապօրինի ներկրման գործընթացին մաքսակետի առանձին աշխատակիցների հնարավոր առնչությունը բացահայտելու եւ պետությանը պատճառված վնասը հաշվարկելու ուղղությամբ։

Ներկայումս ՀՀ ՊԵԿ-ի հետ համատեղ հաշվարկվում է ներկրված ապրանքների համար նախատեսված հարկերի եւ տուրքերի իրական չափը, որը վճարելուց հետո դրանք կարող են վերադարձվել օրինական սեփականատերերին»։