«Տուփը բացեց, զարմացավ և ասաց՝ լո՞ւրջ». ինչպես է հաղորդավարուհի Նարե Համբարձումյանը ամուսնուն հայտնել հղիության լուրը


15:00 , 24 մայիս, 2019

Հաղորդավարուհի Նարե Համբարձումյանի և Արմեն Սարգսյանի ընտանիքում համալրում է սպասվում. օգոստոսին կծնվի զույգի առաջնեկը: Նարեն BlogNews.am-ին գեղեցիկ ֆոտոշարք է տրամադրել և պատմել, թե ինչպես է ամուսնուն հայտնել երեխա ունենալու լուրը:

«Շատ հետաքրքիր կերպով եմ ամուսնուս լուրը հայտնել: Այնպես էր ստացվել, որ Ամանորի գիշերն ամուսինս պետք է մեկներ երկրից: Հենց այդ օրը, երբ իմացա, շտապեցի օրիգինալ կերպով հայտնել լուրը․ նվերների համար նախատեսված տուփ գնեցի, մեջը մանկական հագուստ, հղիության թեստ, կոշիկ դրեցի ու փաթեթավորված տուփը դրեցի մահճակալին: Ամուսնուս ասացի, որ Նոր տարվա նվերը հիմա եմ գնել, խնդրեցի, որ նայի: Ուրախ-ուրախ մտավ սենյակ, բացեց, և մի քանի վայրկյան լռություն էր. զարմացավ և ասաց՝ լո՞ւրջ: Շատ հուզիչ և տպավորիչ պահ էր»,- պատմում է Նարեն և խոստովանում, որ առաջինը ամուսնուն չի հայտնել հղիության լուրը:

«Երբ հղիությանս մասին իմացա, գիշերել էի մայրիկիս տանը: Իմանալուն պես առաջինը մայրիկիս հայտնեցի, քանի որ խառնվել էի իրար: Միասին զանգեցինք բժշկին, և երբ հաստատվեց, նոր հայտնեցի ամուսնուս: Չգիտեմ՝ դժբախտաբար, թե բարեբախտաբար, բայց միայն այդ օրվա վերջում իմացավ հղիությանս մասին: Չէի ուզում զանգով հայտնել, ուզում էի, որ նրա համար անակնկալ լինի»:

Նարեն նշում է, որ դեռևս աշխատանքային փուլում է, դեռ չի դադարելու աշխատել, քանի որ իրեն լավ է զգում: Ինչ վերաբերում է երեխայի սեռին և անվանը, Նարեն չի շտապում բացահայտել. «Ուզում եմ անակնկալ լինի, անունն էլ ենք որոշել: Ես բնույթով շատ համբերատար մարդ եմ, բայց երեխայի սեռը ցանկանում էի շուտ իմանալ։ Հենց իմացա, շտապեցի խանութ և գնումներ կատարեցի: Բալիկս մինչև երեք-չորս ամսական արդեն բոլոր պարագաներն ունի»։

Այն հարցին՝ այս փուլում ինչպե՞ս է փոխվել առօրյան, և կա՞ն արդեն հղիներին հատուկ ցանկություններ, նախասիրություններ, հաղորդավարուհին նշում է. «Շատ հետաքրիքր է, որ ինձ մոտ ոչինչ չփոխվեց, անգամ սնունդի հետ կապված: Առհասարակ, թեթև եմ տանում հղիությունս: Երևի թե ավելի զգացմունքային եմ դարձել, ամեն ինչին ավելի խորն եմ նայում: Բայց աշխատում եմ շուտ մտքերս ցրել և հասկանում եմ, որ դա կապված է այս շրջանի հետ։

Իսկ ինչ վերաբերում է քմահաչույքներին, մեր դեպքում ոչ թե ամուսնուս ասմում եմ՝ շոկոլադ բեր, այլ ասում եմ՝ քեզ բեր, որովհետև աշխատանքի բերումով այնպես է ստացվում, որ կարոտում ենք իրար: Երևի միակ նախասիրությունս ամուսնուս շուտ տանը տեսնելն է»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի