Շուն-ցանցահենը Facebook-ի հարյուրավոր հրապարակումներ է ջնջել և մոլորության մեջ գցել թոշակառու կնոջը


08:06 , 24 մայիս, 2019

Շունը պատահականորեն ջնջել է Ֆեյսբուքի հարյուրավոր հրապարակումներ և մոլորության մեջ գցել ծեր տիրուհուն։

Մեծ Բրիտանիայի Ստաֆորդշիր կոմսության Տաթբերի գյուղի բնակիչ Լինդա Միմսն, իր հեռախոսը թողնելով հյուրասենյակի բազմոցին, գնացել է լոգանք ընդունելու։ Վերադառնալով 69-ամյա թոշակաոուն մուտք է գործել իր սոցիալական ցանցի էջ և պարզել, որ ինչ-որ մեկն իր էջից Spotted Tutbury խմբի հարյուրավոր հրապարակումներ է հեռացրել։

Միմսը միանգամից կապ է հաստատել խմբի հիմնադիր Քրիս Վորդուի հետ և բացատրել, որ այդ պահին գտնվել է լոգարանում։ Անհանգստացած կինը որոշել է, որ դարձել է հաքերական հարձակման զոհ և միանգամից փոխել է բոլոր գաղտնաբառերը։

Որոշ ժամանակ անց բրիտանուհին 3-ամյա շան տակից տարօրինակ ձայներ է լսել։ Պարզվել է, որ այդ ամբողջ ընթացքում շունը նստած է եղել հեռախոսի վրա և պատահականորեն հեռացրել է բազում հրապարակումներ, ինչպես նաև փոխել է խմբի նկարը։ Միմսը նշում է, որ օգտատերերի մեծ մասը շան արարքը ընդունել է հումորով և կենդանուն անվանել հաքեր։